Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սեպտեմբերի 5-ին կքննարկի կայուն մեծամասնության կարգավորումը վերանայման հարցը

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը սեպտեմբերի 5-ին կքննարկի կայուն մեծամասնության կարգավորումը վերանայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթացները նորմալ ընթացքի մեջ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստը տեղի էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ։ Վաղը տեղի է ունենալու այսպես ասած նոր սեզոնի մեկնարկը, որտեղ քննարկելու ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանի առաջարկած հարցը. կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման հարց է առաջ քաշվում։ Կքննարկենք և կտեսնենք, թե որ ուղղությամբ ենք առաջ գնալու»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ նախնական ընկալում կա, որ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2027 թվականին։

«Մինչև այդ ունենք բավականին երկար ժամանակ, որպեսզի հանրային քննարկումներով, մասնագիտական համայնքի, խորհրդի հետ աշխատելով՝ մանրամասն կարողանանք վերլուծել։ Ունենք հարցեր, որոնք արդեն քննարկել և քվեարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու։ Կարելի է ասել՝ վաղը տրվում է նոր մեկնարկ»,- եզրափակեց Մինասյանը։  

Հայաստանի գործող Սահմանադրությամբ կա պահանջ՝ ընտրություններից հետո խորհրդարանում ձևավորել կայուն մեծամասնություն։ Ընտրական օրենսգրքում էլ ֆիքսված է, որ կայուն մեծամասնություն չձևավորելու պարագայում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն առաջարկում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը և ներդնել սովորական համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում