Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը

3 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության վավերացմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 1-ին: Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

«Արձանագրության նպատակն է Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Կողմերն արձանագրում են արձանագրության թիվ 1 հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու և հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության թիվ 2 հավելվածում թվարկված պայմանագրերը դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև հարաբերություններում` արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից»,-ասաց Մնացական Սաֆարյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ ընթացակարգերն արդեն կատարվել են արձանագրությունը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից: 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հիմա վավերացնում արձանագրությունը՝ Սաֆարյանը պատասխանեց, որ հատուկ պատճառ չկա: «ԱՊՀ քարտուղարությունից հարց էր եղել, թե ինչո՞ւ Հայաստանը չի վավերացրել մինչև հիմա: Մեր վարչությունն ըստ իրենց նպատակահարմարության, այսինքն՝ գույքագրման արդյունքում սկսեց արձանագրության վավերացման գործընթացը»,–նշեց նա:

Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում