Իրավունք

Զինծառայող Է. Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը

3 րոպեի ընթերցում

Զինծառայող Է. Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի  դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից,  դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, իրականացված ծավալուն վարութային, ապացուցողական գործողությունների արդյունքում, պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Ե.-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ. օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է. Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։ 

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում