Իրավունք

Մեկ անձ կալանավորվել է երիտասարդին առևանգելու, դաժան բռնության ենթարկելու, շորթման և փաստաթղթերը հափշտակելու դեպքի վարույթով

6 րոպեի ընթերցում

Մեկ անձ կալանավորվել է երիտասարդին առևանգելու, դաժան բռնության ենթարկելու, շորթման և փաստաթղթերը հափշտակելու դեպքի վարույթով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ անձ կալանավորվել է երիտասարդին առևանգելու, դաժան բռնության ենթարկելու, շորթման և փաստաթղթերը հափշտակելու դեպքի վարույթով, որը քննչական կոմիտեում նախաձեռնվել է օգոստոսի 21-ի ժամը 14:10-ին Սյունիքի մարզի Գորիս բնակավայրի 28-ամյա բնակչից ստացված հաղորդման հիման վրա. հաղորդման համաձայն՝ նրա կամքին հակառակ իրեն փակի տակ են պահել, իր նկատմամբ սպառնալիքներ հնչեցրել, ծեծի ենթարկել և վնասվածքներ հասցրել: «Արմենպրես»-ին այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել է  քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժողը «Տելեգրամ» հավելվածի «Հայերով» անվամբ զրուցարանի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ինչի առնչությամբ անախորժ խոսակցություն է տեղի ունեցել վերջինիս և Մեղրի համայնքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի միջև։ Վերջինս, երկու անձանց հետ խմբի կազմում, նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ մինչ այդ ունեցած անախորժ խոսակցության պատճառով 28-ամյա երիտասարդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, նպատակադրվել է նրա կամքին հակառակ, խաբեությամբ տեղափոխել այլ վայր:

 «Տելեգրամ» հավելվածի միջոցով տուժողի հետ ծանոթացած աղջիկը, ով, ինչպես պարզվել է, 27-ամյա երիտասարդի հետ գործած վերոհիշյալ երկու անձանցից մեկն է, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, 28-ամյա երիտասարդին խաբեությամբ հրավիրել է վարձակալած բնակարան՝ իբր ընկերուհու և վերջինիս ընկերոջ հետ հանդիպելու:

Դեպքի օրը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երիտասարդը գնացել է աղջկա կողմից մատնանշված՝ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող բնակարան, որտեղ գտնվել է նաև Մեղրի համայնքի հիշյալ բնակիչը:

Բնակարան մտնելուց հետո հիշյալ անձինք փակել են բնակարանի դուռը և հետևից հարվածել ու վայր են գցել 28-ամյա երիտասարդին, սկսել են հայհոյել վերջինիս, ընկած ժամանակ ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչը տևել է մի քանի ժամ: Այնուհետև վերցրել են տուժողի փաստաթղթերը, բանկային քարտը, կանխիկ գումարը և այլ իրեր՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով հանցավոր արարքների կատարումը՝ գետնին ընկած վիճակում երիտասարդին քարշ են տվել բնակարանի հյուրասենյակում և իրենց մոտ գտնվող դանակներով  սպառնացել գոռալու դեպքում վնասել, այդ թվում՝ 27-ամյա երիտասարդը տուժողին սպառնացել է, որ կա՛մ նրա ականջը, կա՛մ մատը կկտրի, որից հետո մուրճով հարվածել է տուժողի դաստակին և ոտքին, իսկ որպեսզի վերջինիս բղավոցի ձայները չլսվեն, կտորով կապել է նրա բերանը, այնուհետև իր մոտ գտնվող դանակը դրել է ցուցամատին և մուրճով հարվածել է դանակին, սակայն մատն ամբողջությամբ չի կտրվել: Ժամը մոտ 06:00-ի սահմաններում տուժածին թողնելով տվյալ բնակարանում՝ նշված անձինք հեռացել են՝ տուժողի բջջային հեռախոսից վերցնելով նրա ընտանիքի անդամների լուսանկարները և սպառնալով, որ կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում նույն կերպ են վարվելու նաև նրա ընտանիքի անդամների հետ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել է և նրան ձերբակալելու որոշում է կայացվել:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2024թ. օգոստոսի 28-ին, 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությանն առերևույթ մասնակից մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում