Սպորտ

Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի հետ կապված բողոքի ուսումնասիրությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ «Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կապակցությամբ ստացված բանավոր բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնակարգով սահմանափակված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում, կամ որոնք վերջին 5 տարիներին մասնակցել են Հայաստանի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մարզիչների մասնակցության որևէ սահմանափակում կանոնակարգով նախատեսված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաջորդ տարվա մրցաշարի անցկացման նախապատրաստման ընթացքում հաշվի կառնի սիրողական լողի մրցաշարին մարզիչների՝ առանձին խմբով մասնակցելու հնարավորությունը:    

Բողոքի առիթ է հանդիսացել բանավոր խոսքում առկա թյուրընկալումը, որը պարզաբանվել է: Քանի որ կանոնակարգի խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան իրենց դրամական պարգևները (ցանկը՝ կից): 

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում: Դրամական խրախուսումներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում