Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում. Չեն Մին
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» օդանավակայանում կայացավ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 3-ից գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև՝ վերոհիշյալ երթուղով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ չինական կողմը ոգևորությամբ է դիմավորում Չինաստանի Հարավային Ավիաուղիների առաջին չվերթը Ուրումչիից Երևան։ Այսօր ավելի ուշ նաև տեղի կունենա Երևանից դեպի Ուրումչի իրականացվող չվերթը:
«Սա Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթն է, որը նոր էջ է նշանավորում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններում: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»: Չնայած Չինաստանն ու Հայաստանը իրարից շատ հեռու են գտնվում, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի և շարունակում է զարգանալ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարվա ընթացքում չին-հայկական կապերը պահպանում են առողջ և կայուն զարգացում: Երկու երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակում է խորանալ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում բարգավաճում է: Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերն Է Անդրկովկասում և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ակտիվ մասնակից առաջին երկրներից մեկը»,- նշեց Չեն Մինը:
Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 մլրդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով ավելի քան 40%-ով: Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 110 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Վերջին տարիներին երկու երկրներն իրականացրել են փոխադարձ ազատ վիզային մուտքի քաղաքականություն։
«Այսօր ուղիղ օդային հաղորդակցության բացումը ստեղծում է «օդային կամուրջ», որը կապում է երկու մայրցամաքները՝ բացելով մարդկանց փոխանակման և տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ: Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումը Չինաստանի բաց քաղաքականության բարձր մակարդակի պրակտիկա է և ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների անկեղծ ցանկությունը՝ խորացնելու իրենց ավանդական բարեկամական հարաբերությունները: Մենք հրավիրում ենք աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միանալ Չինաստանի սրընթաց զարգացմանը և կիսել այդ զարգացման պտուղները»,- ասաց Չեն Մինը:
Նրա խոսքով՝ Ուրումչին Չինաստանի կարևոր դարպասն է դեպի արևմուտք, որտեղից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Պեկին, Շանհայ և այլ քաղաքներ՝ ծանոթանալու Չինաստանի տարբեր շրջանների մշակույթին և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ:
«Հուսով եմ, որ ավելի շատ հայ ընկերներ կկարողանան օգտվել դեպի Չինաստան ուղիղ չվերթներից ՝ տեսնելու և զգալու ժամանակակից Չինաստանն իր ողջ օբյեկտիվությամբ և բազմակողմանիությամբ: Հուսով եմ նաև, որ երկու կողմերի ձեռնարկությունները ավելի ակտիվ մասնակցություն կունենան շուկաների ընդլայնման և մեր երկրների միջև գործնական համագործակցության մեջ նոր հաջողությունների հասնելու գործում՝ շարունակելով գրել Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության նոր գլուխ»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
«Չինական հարավային ավիաուղիների» Սինցզյան մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Հե Դաանն իր հերթին նշեց, որ երկու երկրների կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների ջանքերի, ինչպես նաև բոլոր ղեկավարների և գործընկերների հոգածության շնորհիվ այսօր հաջողությամբ կայացավ «Չինական Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության առաջին չվերթը Ուրումչի-Երևան երթուղով, ինչը կարևոր իրադարձություն է և պատասխանն է երկրի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» կառուցելու կոչին, ինչպես նաև նշանակալի քայլ է Սինցզյանում ազատ առևտրի գոտու կառուցման շրջանակներում Ուրումչիի հանգույցի զարգացման գործում:
«Այն նաև նպաստում է Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական և առեւտրային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստում է երկու երկրների միջև մշակութային փոխանակմանը: 2020 թվականի հունվարին ուժի մեջ է մտել Չինաստանի և Հայաստանի միջև ազատ վիզային ռեժիմ։ Ուրումչի-Երևան չվերթի բացումը նշանավորում է կանոնավոր ավիահաղորդակցության սկիզբը: Չինաստանի Հարավային ավիաուղիներն այժմ թռիչքներ է իրականացնում Կովկասի բոլոր երեք երկրներ: Չվերթի բացումից հետո մեր երկու երկրների բնակիչները կկարողանան հասնել իրենց նպատակակետին ընդամենը 5 ժամում։ Չինացի զբոսաշրջիկները կարող են Երևանով հարմարավետ ճամփորդել Կովկասով, իսկ հայ ուղևորները կարող են հեշտությամբ հասնել Չինաստանի 41 քաղաքներ, ինչպիսիք են Պեկինը, Շանհայը և Գուանչժոուն, այդպիսով ստեղծելով օդային կամուրջ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության համար»,- ասաց Հե Դաանը:
Նրա խոսքով՝ Ուրումչին ունի հարուստ զբոսաշրջային ռեսուրսներ և էթնիկ մշակույթների բազմազանություն՝ պահպանելով Մետաքսի ճանապարհի եզակի մշակութային ժառանգությունը: Տվյալ ավիաչվերթի բացումն էլ ավելի կկրճատի երկու քաղաքների միջև հեռավորությունը՝ ապահովելով ավելի հարմար հարթակ երկու երկրների միջև առևտրի համար: Դա կնպաստի յուրաքանչյուր կողմի առավելությունների լիարժեք օգտագործմանը և համագործակցության ամրապնդմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը և արտադրությունը: Բացի այդ, դա կգրավի ավելի շատ ձեռնարկությունների և ներդրողների՝ մասնակցելու երկու երկրների տնտեսական շինարարությանը, ինչը դրական ներդրում կունենա տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության բարգավաճման գործում:
«Ապագայում «Չինական Հարավային Ավիաուղիներն» ակտիվորեն կօգտագործի իր սեփական հզորությունների և երթուղային ցանցի առավելությունները և կձգտի կարևոր դեր խաղալ Մետաքսի ճանապարհի կենտրոնական գոտու կառուցման և «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կառուցման գործում, ինչպես նաև ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում»,- եզրափակեց «Չինական հարավային ավիաուղիների» Սինցզյան մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալը։