Քաղաքականություն

Ավագանու արտահերթ ընտրություններ Գյումրիում և Փարաքարում. մեկնարկել է քվեարկությունը

3 րոպեի ընթերցում

Ավագանու արտահերթ ընտրություններ Գյումրիում և Փարաքարում. մեկնարկել է քվեարկությունը

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամը 08։00-ից երկու համայնքներում բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեարկությունը, որը կտևի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ 

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար բացվել է 82 ընտրական տեղամաս, Փարաքարում՝ 16։ 

Գյումրիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է, Փարաքարում՝ 20967։

Երկու համայնքներում մեկնարկած ընտրությունների քվեարկությունը դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 դիտորդական կազմակերպություն՝ «Ականատես», «Անկախ դիտորդ», «Հայաքվե», «Գյումրու առաջընթաց», «Հայ առաջադեմ երիտասարդություն»։ Գյումրիի և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է 38 լրատվամիջոց։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։ 

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում