Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության օրակարգով
5 րոպեի ընթերցում

Երևանի Ազատության հրապարակում մարտի 29-ին կայացած հանրահավաքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիները, հասարակական գործիչները և նրանց աջակիցները բարձրաձայնեցին իրենց սոցիալական և քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքում ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը իր խոսքում ընդգծեց, որ այս հրապարակում հավաքված մարդիկ եկել են հստակ պահանջով՝ տեր կանգնելու սեփական իրավունքներին։
«Այս հրապարակում հավաքված մարդիկ եկել են ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից։ Մենք ուզում ենք ապրել արժանապատիվ և մեր սրտում պահել մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը և նպատակը»,– ասաց Ստեփանյանը։
Նա երախտագիտություն հայտնեց Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք սրտաբաց ընդունել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ կիսելով իրենց տները, աջակցությունը և հոգատարությունը՝ փոխարենը ոչինչ չակնկալելով։
«Այդ աջակցությունը երբեք չի եղել պարտադրանք կամ շահադիտական քայլ։ Մարդիկ արել են դա՝ առաջնորդվելով այն համոզմամբ, որ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է»,- ընդգծեց նա։
Գեղամ Ստեփանյանը հատկապես շեշտեց սոցիալական աջակցության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ դա պարզապես նյութական օժանդակություն չէ, այլ գոյատևման հարց հազարավոր ընտանիքների համար։
«Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարևորություն ունի։ Այս աջակցությունը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի կեցության հարցը արժանապատիվ և մեկընդմիշտ լուծված չէ։ Այդ աջակցության դադարեցումը աղետալի հետևանքներ կունենա՝ դրդելով հազարավոր ընտանիքների արտագաղթի»,- շեշտեց նա։
Ելույթի ընթացքում Գեղամ Ստեփանյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի մասին՝ նշելով, որ այն իրավական հիմք ունեցող, միջազգային հարթակներում պաշտպանվող իրավունք է։
«Այդ վերադարձը ոչ թե երազանք է, այլ իրավունքի իրականացում։ Վերջերս Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատները բանաձև են ընդունել, որով հաստատում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։ Դա մեր համահայկական ջանքերի արդյունքն է»,- ասաց Ստեփանյանը։
Նա կոչ արեց Հայաստանի իշխանություններին վերադարձի իրավունքը ներառել բանակցային օրակարգում, իսկ միջազգային դերակատարներին կոչ արեց այդ հարցը դիտարկել որպես հակամարտության արդար և կայուն կարգավորման բաղկացուցիչ մաս։
«Հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների ու խեղված ճակատագրերի վրա»,- հավելեց Ստեփանյանը։
Նա հատուկ անդրադարձ կատարեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, նրանց հարազատների ծանր վիճակին։
«Մեր կողքին կանգնած են Բաքվում ապօրինաբար պահվող և շինծու դատավարությունների միջով անցնող 23 հայ գերիների հարազատները։ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների ընթացքում դատապարտվում է մեր ինքնորոշման իրավունքը, դատապարտվում է Արցախի համար մեր պայքարը»,-ասաց Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ հասարակության բոլոր հատվածները՝ անկախ քաղաքական հայացքներից կամ գործիչների հանդեպ վերաբերմունքից, պարտավոր են թև ու թիկունք լինել գերիների հարազատներին և պահանջել իշխանություններից և միջազգային հանրությունից՝ գործել արդյունավետ և տեսանելի կերպով, որպեսզի գերիները հնարավորինս շուտ վերադառնան տուն։
Ստեփանյանը հանրությանը կոչ արեց շարունակել միասնական և իրավական պայքարը՝ ընդգծելով, որ հայ գերիների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը հնարավոր են միայն համախմբվածության պայմաններում։
«Մեր պահանջները արդարացի են, հիմնված են իրավունքի վրա։ Այն, ինչ մեզ պետք է, մեր միասնականությունն է։ Այս հանրահավաքը եկել է ապացուցելու, որ այդ միասնականությունը առկա է։ Ուրեմն, համախմբված պայքարենք մեր արդարացի և իրավահեն պահանջների կյանքի կոչման ուղղությամբ»,-եզրափակեց նա։