ՏՏ

Համացանցում հայերենով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են ՏՏ նոր լուծումների շնորհիվ

4 րոպեի ընթերցում

Համացանցում հայերենով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են ՏՏ նոր լուծումների շնորհիվ

Երևանում մարտի 28-ին տեղի է ունեցել միջազգային ՏՏ համաժողով, որի ընթացքում քննարկվել են տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն այբուբեններով դոմենները համացանցի տարբեր օպերացիոն համակարգերում գործարկելի դարձնելու տեխնոլոգիական լուծումները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ից, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը միջոցառման ընթացքում ունեցած ելույթում նշել է, որ տեխնոլոգիական ժամանակակից զարգացումներից հետ չմնալուց բացի, համացանցում հայերենով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնելը նաև նպատակ ունի Հայաստանը ներկայացնել համացանցային անծայրածիր տիրույթում։ 

Մկրտումյանի խոսքով՝ միանալով «Համընդհանուր ընդունում» միջազգային շարժմանը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն աշխատում է ոչ միայն տեխնիկական լուծումների, այլև հայերեն բովանդակության ստեղծման և ավելի շատ մարդկանց համար ինտերնետը՝ որպես կրթական անսպառ ռեսուրս հասանելի դարձնելու ուղղությամբ։  

ՏՏ ոլորտում վերջին տարիներին նոր թափ հավաքող  «Համընդհանուր ընդունում» շարժումը նախաձեռնել են «Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան»՝ ICANN-ը, ոլորտի առաջատարներ Apple-ի, GoDaddy-ի, Google-ի, Microsoft-ի և Verisign-ի հետ համատեղ։ Նպատակը համացանցն աշխարհի տարբեր լեզուներով գործարկելի դարձնելն է, ցանցային համակարգերում տարբեր տառերով դոմենային հասցեների և էլ. փոստերի ընդունումն ու ճանաչումը։  

«ICANN-ը ձգտում է նույնականացման համակարգերի ներդրմամբ նվազեցնել թվային բաժանումն աշխարհում և ազգային այբուբենները համացանցում կիրառելի դարձնել, որպեսզի բոլորն իրենց մայրենի լեզվով կարողանան օգտվել ժամանակակից ռեսուրսներից ու ծառայություններից»,- համաժողովի բացմանը նշել է հատուկ հյուր, ICANN խորհրդի անդամ Մաարտեն Բոտտերմանը։

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Սերբիայի, Եգիպտոսի, Բելառուսի, Լաոսի, Բահրեյնի IT ոլորտի առաջատար մասնագետներ։ 

«Զարգացնելով IDN, EAI և նոր gTLD հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացվել են տարբեր երկրներում ընթացող տեխնոլոգիական լուծումները, միջազգայնացված դոմենային անունների  (IDN) առաջխաղացման ռազմավարական մոտեցումները: Քննարկվել են հաջողված նախաձեռնությունները և համընդհանուր ընդունման հետ կապված մարտահրավերները: Նշվել է, որ բոլոր երկրներում տեխնոլոգիական լուծումները մշակվում և քայլ առ քայլ գործարկվում են, այժմ դրանց մասին իրազեկման լայն արշավներ իրականացնելու և հանրությանը համացանցում մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունների մասին տեղեկացնելն է։  

Միջոցառումը կազմակերպել էր ազգային .am և .հայ դոմենները համակարգող «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի» (ICANN) և «Ինտերնետ հանրություն Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համատեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում