Չինաստան

Ուրումչի-Երևան ուղիղ չվերթները վստահաբար կխթանեն երկու ժողովուրդների միջև համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում. ՏԿԵ նախարար

4 րոպեի ընթերցում

Ուրումչի-Երևան ուղիղ չվերթները վստահաբար կխթանեն երկու ժողովուրդների միջև համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում. ՏԿԵ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացելու ապագայում: Հայաստանի մարզերի, քաղաքների և Չինաստանի նահանգների ու քաղաքների միջև համագործակցությունը ևս ընդլայնման միտում ունի և այս ամենի տրամաբանության մեջ է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղու առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հայ-չինական հարաբերությունների զարգացման համար վերջին տասը տարիները նշանակալի էին: Դրանք ոչ թե դիվանագիտական ելույթներ և արարողակարգեր են, այլ գործընկերություն՝ հստակ մշակված քայլերով: Չինաստանը Հայաստանում իր ներկայացվածությամբ երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո: Ընդ որում, ներկայացված է շատ ոլորտներում՝ առևտուր, առողջապահություն, ժամանց, կրթություն, գաստրոմշակույթ: Բազմաթիվ կրթական և վերապատրաստման ծրագրերով ամեն տարի հարյուրավոր ուսանողներ և պետական ծառայողներ մեկնում են Չինաստանի տարբեր նահանգներ»,- ասաց նախարարը։ 

Սանոսյանը գոհունակությամբ ընդգծեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ հետագա համագործակցության համար: 

«Չինական հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից այսօր առաջին անգամ գործարկվեց ուղիղ չվերթ Չինաստանի Ուրումչի քաղաքից դեպի Երևան: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,- մանրամասնեց ՏԿԵ նախարարը։

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանը հավելեց, որ բավականին երկար աշխատանքի արդյունքում կայացավ իսկապես պատմական չվերթ՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Հայաստանի միջև հաստատվեց օդային կապ։

«Սա հետևողական քաղաքականության արդյունք է։ Մենք ավիացիոն ոլորտում մի շարք ուղղություններով միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթներ դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ։ Մասնավորապես աշխատում ենք Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ուղղությամբ, որպեսզի ունենանք ուղիղ չվերթներ»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ չինական ուղղությամբ արդեն իսկ կար մեծ պահանջարկ, հետևաբար տվյալ չվերթը կխնայի զգալի ժամանակ և կհեշտացնի բոլոր նրանց կյանքը, ովքեր մտադրություն ունեն Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ կատարել թռիչքներ։ Նախարարը նշեց, որ Ուրումչին ընտրվել է այն առումով, որ բավականին հետաքրքիր քաղաք է և իրենից ներկայացնում է հսկայական հաբ, մեծ քաղաքներից գտնվում է հասանելի հեռավորության վրա, ինչը հեշտացնում է լոգիստիկ հարցերը։ 

«Նախնական փուլում շաբաթական կլինի երկու չվերթ։ Թռիչքը տևում է 4-5 ժամ, և եթե այդտեղից ուղևորությունը շարունակվի դեպի Չինաստանի խոշոր քաղաքներ, ժամանակն այդ առումով կկրճատվի»,- եզրափակեց նախարարը։

Մանվել Մարգարյան        

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում