Հայաստան

Ավինյանը հետևեց Հրազդանի կիրճում մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցմանը

3 րոպեի ընթերցում

Ավինյանը հետևեց Հրազդանի կիրճում մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում Հրազդան և Գետառ գետերի վրա կառուցվող մաքրման և աղբորսիչ կայաններն էական ազդեցություն կունենան երկու գետերն աղբից մաքրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով սեպտեմբերի 3-ին տեղում հետևեց Հրազդանի կիրճում կայանների կառուցման աշխատանքներին և հետաքրքրվեց դրանց տեխնիկական հնարավորություններով։

«Ընդհանուր առմամբ՝ մենք առաջին հերթին հայտարարել ենք, որ Հրազդանի կիրճը պետք է ճանաչենք որպես ռեկրեացիոն գոտի՝ իր բոլոր հետևանքներով։ Առաջանցիկ տեմպերով սկսել ենք իրականացնել մաքրման ու աղբորսիչ կայանների նախագծման և փաստացի նաև շինարարական աշխատանքները։ Այս կայանների կառուցումից հետո էականորեն ավելի մաքուր գետ ենք ունենալու և ավելի որակով ջուր»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ կայանների շնորհիվ Հրազդան գետի և Գետառի համապատասխան կետերում կհավաքվի ու կմաքրվի կենցաղային աղբը՝ միաժամանակ կանխարգելելով դրա տեղաշարժը դեպի Երևանյան լիճ։

Քաղաքապետի խոսքով՝ նախկին աղբորսիչ կայանը գետի հունի բարձրացման հետևանքով կայուն չէր աշխատում, իսկ տեսակով եզակի նոր կայանները նախագծված են անհրաժեշտ չափանիշներին համապատասխան։

Այդուհանդերձ, Ավինյանը նշեց, որ առաջնահերթ պետք է լինի խնդրի վերաբերյալ երևանցիների հետ քննարկումները, քանի որ երկու գետերում էլ աղբը գեներացվում է բնակիչների կողմից, մինչդեռ՝ դրա հավաքման ու տեղափոխելու համար բավականին ռեսուրսներ են ծախսվում։

 Գետառի վրա կառուցված մաքրման կայանը նախագծող «Ջինջ» ընկերության գլխավոր ինժեներ Ահարոն Դավթյանն ընդգծեց, որ Երևանում առաջին անգամ է գետի մաքրման նման կայան կառուցվում, նախատեսված  հոսանքի բերած աղբը հավաքելու համար։  

Կայանն ունի 3 մեխանիկական սարքավորումներ՝ յուրաքանչյուրը մոտ 720 լիտր արտադրողականությամբ, իսկ ընդհանուր արտադրողականությունը կազմում է վայրկյանում 2000 լիտր։ 

 Համապատասխան ճաղավանդակների շնորհիվ՝ կայանը գետը կզտի մինչև 30 միլիմետր չափերի հասնող կոշտ թափոններից, որոնք կհավաքվեն հատուկ զամբյուղներում՝ այնուհետև ստացիոնար ամբարձիչի միջոցով կհեռացվեն։

Բացի այդ՝ կայանում հնարավորություն է տալիս հոտազերծելու կոյուղաջրերը։

Կառուցվող աղբորսիչ 2 կայանի արժեքը 122 միլիոն դրամ է, որը հատկացվել է համայնքային բյուջեից, իսկ մաքրման կայանը՝ 246 մլն դրամ, որի 50 տոկոսը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում