Իրավունք

Կառավարությունը համապարփակ կարգավորման կենթարկի պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը համապարփակ կարգավորման կենթարկի պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«Առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները»,-նշեց Հարությունյանը։ 

Նախագծում սահմանվել են նաև անձի բացակայությամբ կայացված դատավճռի կատարման ապահովման, հանձնումը մերժելու դեպքում ՀՀ տարածքում հետապնդում իրականացնելու, անձի փաստացի հանձնման նպատակով կալանավորման, hանձնումը հետաձգելու, կրկնակի հանձնմանն առնչվող իրավակարգավորումներ, որոնք ներպետական օրենսդրությամբ ամրագրված չեն եղել:

Փոխնախարարի խոսքով՝ առանձին գլխով կարգավորում են ստացել քրեական վարույթի փոխանցմանն առնչվող իրավահարաբերություններ՝ վարույթի փոխանցման կարգն ու պայմանները, հարցումը կատարելուն, միջնորդության ձևին և բովանդակությանը ներկայացվող միջազգային պայմանագրերից բխող պահանջները, հարցումը մերժելու հիմքերը:

Նախագծի առանձին հոդվածներով ամրագրվել են անչափահասների հանձնմանն առնչվող առանձնահատկություններ:

Նշվել է, որ օրենքի նախագծի վրա Արդարադատության նախարարությունն աշխատել է Գլխավոր դատախազության հետ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ լինելու է աշխատանքային քննարկում:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում