Աշխարհ

Նոր Զելանդիան եռապատկել է տուրքերը միջազգային զբոսաշրջիկների համար

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան եռապատկել է տուրքերը միջազգային զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր Զելանդիան գրեթե երեք անգամ ավելացրել է մուտքի վճարները միջազգային այցելուների համար։ Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները քննադատել են կառավարության այս հայտարարությունը՝ նշելով, որ տուրքերի բարձրացումը կվանի այցելուներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նոր Զելանդիայի կառավարության հայտարարության համաձայն՝ երկրում միջազգային այցելուի, պահպանության և զբոսաշրջության տուրքերը կավելանան հոկտեմբերի 1-ից և կկազմեն նորզելանդական 100 դոլար (62 ԱՄՆ դոլար)՝ ներկայիս 35 դոլարի (21 ԱՄՆ դոլար) փոխարեն՝ երաշխավորելու, որ «Նոր Զելանդիա այցելելիս զբոսաշրջիկները նպաստեն հանրային ծառայություններին և բարձրակարգ փորձառություններին»։

Ինչպես բազմաթիվ հայտնի զբոսավայրերում, Նոր Զելանդիայում նույնպես պայքարում են շրջակա միջավայրի վրա զբոսաշրջիկների ազդեցության դեմ։ Նորզելանդական 35 դոլարի վճարը սահմանվել է 2019 թվականին, բայց սա բավարար չէ՝ հոգալու այցելուների մեծ թվով պայմանավորված բոլոր ծախսերը։

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտնել է, որ վճարը մրցունակ է, և որ Նոր Զելանդիան կշարունակի դիտվել որպես այցելուների համար գրավիչ վայր:

Այնուամենայնիվ, երկրի Զբոսաշրջային ոլորտի ասոցիացիան վստահ է, որ ավելի բարձր վճարը հեռու կվանի այցելուներին, հատկապես որ ոլորտը դեռ պայքարում է կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանների փակումից առաջացած ճգնաժամի դեմ։ Ըստ վերջին տվյալների՝ ներկայում այցելուների թիվը կազմում է նախքան սահմաննների փակումը երկիր այցելողների թվի 80 %-ը։ 

Վերջերս Նոր Զելանդիայի կառավարությունը նաև ավելացրել է մուտքի արտոնագրերի համար գանձվող վճարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում