Եվրոպա

Բրիտանիան և ԱՄՆ-ն պլանավորում են անժամկետ երկարացնել միջուկային զենքի ոլորտում համագործակցության պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Բրիտանիան և ԱՄՆ-ն պլանավորում են անժամկետ երկարացնել միջուկային զենքի ոլորտում համագործակցության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պատրաստվում են առանց ժամանակային սահմանափակումների երկարաձգել Փոխադարձ պաշտպանության պայմանագիրը, որը որոշում է միջուկային զենքի ոլորտում երկրների համագործակցությունը, և որի գործողության հաջորդ ժամկետը լրանում է 2024 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը (FT): 

«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն պլանավորում են անժամկետ հիմունքներով պահպանել պայմանագիրը, որը կարգավորում է երկրների միջև միջուկային տեխնոլոգիաների փոխանակումը՝ միևնույն ժամանակ ձեռնամուխ լինելով իրենց զսպման ուժերի թանկարժեք արդիականացմանը՝ հակառակորդ երկրների զինանոցների մեծացմանն ի պատասխան», - տեղեկացնում է հրատարակությունը:

FT-ն պարզաբանում է, որ ավելի վաղ և՛ Մեծ Բրիտանիայի, և՛ ԱՄՆ-ի իշխանությունները խորհուրդ են տվել չեղարկել համաձայնագրի գործողության 10 տարի ժամկետը և այն դարձնել անժամկետ, սակայն երկու երկրների օրենսդիր մարմինները դեռ պետք է հաստատեն նման նորամուծությունը։

Բրիտանիայի լեյբորիստական ​​նոր կառավարությունը փաստաթուղթը խորհրդարան է ներկայացրել հուլիսի 26-ին՝ երկրում ընտրություններից երեք շաբաթ անց։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ երկու երկրները համաձայնել են հանել գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, որպեսզի պայմանագիրը դառնա երկարաժամկետ և ապահովի համագործակցության շարունակականությունը։

Խորհրդարանի երկու պալատներն ամառային արձակուրդից վերադարձել են սեպտեմբերի 2-ին։ Փոխադարձ պաշտպանության պայմանագիրն ինքնաբերաբար կերկարացվի, եթե խորհրդարանի որևէ պալատ նիստերի 21 օրերի ընթացքում դրան դեմ բանաձև չընդունի:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ուղղված հուլիսի 29-ի նամակում կոչ է արել կրկին վավերացնել պայմանագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում