Մարզեր

Վարդենիկ գյուղում ընթանում է 4 փողոցի ճանապարհային պատվածքների սալարկման աշխատանք

2 րոպեի ընթերցում

Վարդենիկ գյուղում ընթանում է 4 փողոցի ճանապարհային պատվածքների սալարկման աշխատանք

ԳԱՎԱՌ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ընթանում են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հինգ և ավելի մետր լայնքով և մոտ 4000 գծամետր երկարությամբ սալարկվող ճանապարհների մակերեսը կազմում է 22,250 քմ։ Որպես շինանյութ է օգտագործվում Բազմաբերդի կանոնավոր տուֆ քարը։ Զուգահեռաբար նորոգվում են նաև ջրատար առուները։ 

Վարդենիկի չորս փողոցի ճանապարհային պատվածքի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 մլն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Արդեն ավարտին են հասցվել Վարդենիկի 4-րդ, 6-րդ, ապա՝ 5-րդ փողոցների սալարկման աշխատանքները, իսկ  այժմ  ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում 3-րդ փողոցում։ 

Սալարկման աշխատանքներն իրականացնում է «Լեգենդ քոնսթրաքշն» շինարարական ընկերությունը, որի ներկայացուցիչների հավաստմամբ՝ ծրագրով նախատեսված աշխատանքները շուրջ 80 տոկոսով կատարված են և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։ 

«Վարդենիկի չորս փողոցների սալարկման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից, սակայն շինարարի հետ պայմանագիրը լուծարվել է շինարարության անորակ իրականացման պատճառով։ Շինարարական նոր մրցույթը հայտարարվել է 2023 թվականին, այդ տարվանից էլ վերսկսվել են շինաշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։ 

 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում