Հայաստան

ԱԺ-ում առաջարկում են կանոնակարգել ՀԿ-ներին փոխանցված հանրային նշանակության շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը

4 րոպեի ընթերցում

ԱԺ-ում առաջարկում են կանոնակարգել ՀԿ-ներին փոխանցված հանրային նշանակության շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում առաջարկում են կանոնակարգել պետության կողմից հասարակական կազմակերպություններին փոխանցված շենք-շինությունների և տարածքների օտարման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ 

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ավելի նկատելի է դառնում, որ այս կամ այն հանրային նշանակության գույքերը՝ մարզադաշտեր, պետական այլ կառույցներ, անցել են իրավաբանական անձանց սեփականության տիրույթ։ Ըստ Գաբրիելյանի՝ Հայաստանի անկախացումից հետո հանրային նշանակության գույքերի՝ մարզադաշտերի, պետական այլ կառույցների մեծ մասն այս կամ այն ճանապարհով արդեն իսկ օտարված են, և այդ շենք-շինությունների փոխարեն կառուցված են այլ շենք շինություններ։ 

«Ավելի քան 27 հազար կտոր գույքի մասին է խոսք գնացել, որ անկախությունից հետո մինչև մեր օրերը մասնավորեցվել են։ Որոշ դեպքերում այդ հասարակական կազմակերպությունները գործել են ընդամենը թղթի վրա, և նրանց թիկունքում կամ իրական շահառուները եղել են բարձրաստիճան պաշտոնյաները կամ նրանց ընտանիքի անդամները։ Օրինակ՝ բոլորովին վերջերս պարզեցինք, որ «Սպարտակ» մարզադաշտն է օտարվել։ Այս գույքը նույնպես, մեր կարծիքով, հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն։

Անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականության մասին օրենք է ընդունվել, որտեղ հստակ նշվում է, որ Խորհրդային Միության ժամանակ գործող բոլոր հասարակական կազմակերպությունների գույքը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն»,- ասաց նա։  

Պատգամավորն առաջարկում է Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու միջոցով որոշակիորեն կանոնակարգել նմանատիպ գույքերի օտարումը։ Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀԽՍՀ-ի ժամանակաշրջանում գործող հասարակական կազմակերպություններին պատկանող գույքերի օտարման դեպքում պետք է անցկացվեն հասարակական լսումներ և հաշվի առնվի համայնքի կարծիքը։ 

«Ուսումնասիրում ենք մինչև 1947 թվականի փաստաթղթերը։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ պետության սեփականությունը մեր գնահատմամբ ոչ իրավաչափ եղանակով է անցում կատարել իրավաբանական անձանց, գրավոր դիմում ենք գլխավոր դատախազությանը։ Եվ գլխավոր դատախազությունն այս պահին արդեն 2-3 դեպքերով նաև ունի պետական շահերի մասով հայցեր դատարաններում, որպեսզի այդ գույքը կրկին անցնի Հայաստանի Հանրապետության սեփականության ներքո։

Որևէ մեկից որևէ սեփականության իրավունք խլելու հարց չկա, որևէ մեկը չի պատրաստվում այդ մշակութային կամ մարզական շենք-շինությունները պետականացնել և հետո վաճառել այլ մասնավոր անձանց։ Ավելին, մենք այս ընթացքում մի շարք կազմակերպություններից ստացել ենք գրավոր դիմումներ ու նաև հեռախոսազանգեր, որոնք ողջունել են այս նախագիծը։ Եվ իրենք էլ են կարծում, որ, այո, իրենց գործունեությունը պետք է լինի հանրօգուտ։ Մասնավորապես, նույն Նկարիչների միությունն այս նախագիծը դրական է ընդունել, և իրենք էլ են կարծում, որ Նկարիչների միության շենքը պետք է ծառայի բացառապես նկարիչների համար և որևէ դեպքում չի կարող օտարվել»,- ասաց Գաբրիելյանը։

Տարընթերցումներից խուսափելու նպատակով Սիսակ Գաբրիելյանը   ևս մեկ անգամ շեշտել է, որ նախաձեռնությունը  որևէ մեկից սեփականության իրավունք խլելու և այն այլ անձի օտարելու նպատակ չի հետապնդում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում