Կրթություն

Երևանի դպրոցների շուրջ 500 առաջին դասարանցիներ դիտեցին «Օլիմպիկոս» մուլտֆիլմը

3 րոպեի ընթերցում

Երևանի դպրոցների շուրջ 500 առաջին դասարանցիներ դիտեցին «Օլիմպիկոս» մուլտֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում  Երևանի դպրոցների  շուրջ 500 առաջին դասարանցիներ դիտեցին «Օլիմպիկոս» մուլտֆիլմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը երեխաների համար կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը: Երեխաներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունեց առաջին դասարանցիներին՝ նշելով, որ իրենց շատ բազմաբովանդակ ու բազմազբաղ ուսումնական տարի է սպասվում:

«Հույս ունեմ, որ բոլոր այն երեխաները ովքեր այսօր այստեղ են, կվայելեն մուլտֆիլմը և սա շատ դրական տպավորություններով  մեկնարկ կլինի նոր ուսումնական տարվա համար:  Շատ հաճախ երեխաները դպրոց հաճախելով սկսում են ձանձրանալ և չսիրել սովորելը, բայց ես հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որ այսօր իրականացվում են դպրոցներում՝ երեխաների համար ստեղծելու են միջավայր, որը կդառնա խթան դպրոցը էլ ավելի շատ սիրելու համար: 

Դրա մասին է վկայում  նաև նախորդ ուսումնական տարվա ամփոփումը: Մենք նախորդ երկու շաբաթների ընթացքում բոլոր մարզերում  շրջել ենք, ծանոթացել ենք նախորդ ուսումնական տարվա ընթացքում իրականացված նախագծային աշխատանքներին,  ծրագրերին և ուրախությամբ ուզում եմ նշել, որ բոլոր դպրոցներում և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները փաստել են, որ նախորդ տարի նոր ուսումնական չափորոշչի ներդրումը դպրոցում մեծ ակտիվություն և հետաքրքրություն  է բերել»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Անդրադառնալով  մուլտֆիլմի ընտրությանը Սվաջյանը նշեց՝ առաջին դասարանցինը  կդիտեն «Օլիմպիկոս» մուլտֆիլմը,  որը  երեխաներին կմոտիվացնի  և իրենց ուժերին հավատալու, դրված նպատակների հետևից գնալու կարևոր մտքեր ու գաղափարներ կփոխանցի:

Երևանի փոխքաղաքապետ  Լևոն Հովհաննիսյանը ընդգծեց՝ այս համատեղ նախագիծը իրականացվել է նոր ուսումնական տարվա մեկնարկին  երեխաներին բարձր տրամադրություն և դրական լիցքեր փոխանցելու համար, քանի որ  շատ են կարևորում, որպեսզի երեխաները իրենց դպրոցական տարիներից դրական հուշեր ունենան:

«ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը ամենօրյա աշխատանքի  շնորհիվ ամեն ինչ անում է, որպեսզի երեխաների կրթություն ստանալու պայմանները՝ շենքային, գույքային և իհարկե բովանդակային մասով, գնալով բարելավվեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում