Կրթություն

Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցն իր դռները բացեց 128 առաջին դասարանցու առջև

4 րոպեի ընթերցում

Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցն իր դռները բացեց 128 առաջին դասարանցու առջև

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը սեպտեմբերի 2-ին իր հյուրընկալ դռները բացեց 128 առաջին դասարանցու առջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիտելիքի և դպրության օրվան և առաջին դասարանցիների ընդունելությանը նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, որից հետո ներկայացվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհավորական ուղերձը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Առաջին դասարանցիներին ողջունեցին բարձր դասարանների շնորհալի աշակերտները։

Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը համերաշխ ընտանիք համարեց կրթօջախը, որն իր տանիքի ներքո է համախմբում աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին ու համայնքի բնակիչներին։

«Մեկնարկում է նոր ուսումնական տարին՝ սպասումների, երազանքների, դժվարությունների, դրանք հաղթահարելու տարի, բայց բոլորս կանգնած ենք մեկս մյուսի կողքին՝ բոլորի դժվարությունները հաղթահարելու, իսկ ուրախությունների ու հաջողությունների համար՝ցնծալու»,-ասաց տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով առաջին դասարանի աշակերտների ծնողներին աշխարհի իրենց ամենաթանկ էակներին կրթօջախի մանկավարժական կազմին վստահելու համար։

Հայրապետյանի խոսքով՝ նոր ուսումնական տարում կրթօջախում ձևավորվել է 4 առաջին դասարան։ Այս տարի դպրոցն ընդունել է նաև աշակերտներ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից վերադարձած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  ընտանիքներից։ Այս ուսումնական տարում մայրաքաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոց կհաճախի 1300 աշակերտ։

Տնօրենը նշեց, որ դպրոցի աշակերտների թիվն աճում է և վերջին 5-6 տարիներին դասերը երկհերթ են կազմակերպվում։

Անդրադառնալով ուսումնական տարվա առանձնահատկություններին, Հայրապետյանը դրանցից ընդգծեց կրթական նոր չափորոշիչների ներդրումը, ինչը նախագծային աշխատանքներ կատարելու շնորհիվ աշակերտներին թույլ է տալիս մտածել, ինտեգրվել, միմյանց օգնել՝ համախմբելով նրանց։

Մշակութային ծրագիրն ամփոփվեց խորհրդանշական Առաջին զանգի ղողանջներով, որը հնչեցնելու պատիվը տրվեց  9-րդ և առաջին դասարանցիներին։

Կրթօջախի «1գ» առաջին դասարանի դասվար Էմմա Ալավերդյանը ողջունեց ու շնորհավորեց  դպրոցական կյանքի առաջին քայլերը կատարող իր աշակերտներին և նրանց ծնողներին՝ մաղթելով գիտելիքներով հարուստ ուսումնական տարի։

«Գիտելիքը հազարամյակներ շարունակ եղել է մեր հայ ժողովրդի գերագույն արժեքներից մեկը։ Ուսումնական տարվա սկիզբը հենց առաջին դասարանցիների համար է, որտեղ օրվա գլխավոր հերոսները հենց դուք եք՝ իմ փոքրիկ հրաշամանուկներ , դուք արժանի եք հատուկ շնորհավորանքի։ Ուզում եմ, որ դպրոցական տարիները ձեզ համար լինեն ամենախաղաղ, առողջ, անփորձանք և բարի հիշողություններով լի տարիներ»,-ասաց դասվարը՝ սաներին մաղթելով աշխատասիրություն ու ժրաջանություն։

Այնուհետև նա կազմակերպեց «Ճամփորդություն դեպի գիտելիքի տիեզերք» խորագրով ծանոթության միջոցառում, որի շրջանակներում առաջին դասարանցիներն անկեղծացան իրենց երազանքներով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում