Եվրոպա

Նորվեգիայի ափերի մոտ հայտնաբերվել է ռուսական լրտես համարվող բելուգա կետի մարմինը

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայի ափերի մոտ հայտնաբերվել է ռուսական լրտես համարվող բելուգա կետի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայի ափերի մոտ հայտնաբերվել է Հվալդիմիր անունը ստացած սպիտակ բելուգա կետի մարմինը, որն, ըստ տարբեր ասեկոսեների, Ռուսաստանի լրտես էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Ձկնորսություն անող հայրը և որդին կետի մարմինը հայտնաբերել են Նորվեգիայի հարավում՝ Ռիսավիկա ծովածոցում, օգոստոսի 31-ին։

Հվալդիմիր բելուգային ծովից հանել են ամբարձիչ կռունկի միջոցով և տեղափոխել մոտակա նավահանգիստ, որտեղ մասնագետները կուսումնասիրեն այն։

Ծովային կենսաբան Սեբաստիան Ստրանդը նորվեգական NRK հանրային հեռարձակող ընկերությանը հայտնել է, որ կետի անկման պատճառը հայտնի չէ, նրա վրա տեսանելի վերքեր չկան։ 

Ստրանդը վերջին երեք տարիներին հետևում էր Հվալդիմիրին, որն ուներ 4,2 մ երկարություն և կշռում էր 1225 կգ։ Առաջին անգամ բելուգա կետին նկատել էին Նորվեգիայի հյուսիսում՝ Համերֆեստ քաղաքի մոտ, 2019 թ. ապրիլին։ Նա կրում էր տեսախցիկի տեղ ունեցող գոտի, որի ճարմանդին Սանկտ Պետարբուրգում գրանցված ընկերության տարբերանշան էր։ Սա տեղիք է տվել ենթադրությունների, որ բելուգան ռուսական լրտես էր։ Կետին տվել են Հվալդիմիր անունը. «hval» նորվեգերեն նշանակում է «կետ», իսկ անվան երկրորդ մասը ՌԴ նախագահ Պուտինի Վլադիմիր անվան մի մասն է։ 

Ըստ փորձագետների՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հայտնի են նրանով, որ վարժեցնում են կետերին զինվորական նպատակներով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում