Եվրոպա

Գերմանիայի նահանգային ընտրություններում հաղթանակ են տարել ծայրահեղ աջերը

3 րոպեի ընթերցում

Գերմանիայի նահանգային ընտրություններում հաղթանակ են տարել ծայրահեղ աջերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Թուրինգիա և Սաքսոնիա նահանգներում անցկացված ընտրություններում իշխող կոալիցիոն կառավարությունը վատ արդյունքներ է ցուցաբերել։ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը դարձել է Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր առաջին կուսակցությունը, որը հաղթանակ է տարել երկրի նահանգային ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Թուրինգիայում ստացել է ձայների մեծամասնությունը, իսկ Սաքսոնիայում շատ չնչին տարբերությամբ գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով պահպանողական «Քրիստոնեական-դեմոկրատական միությանը»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր կոալիցիայի պարտությունն անվանել է անհանգստացնող և կուսակցություններին կոչ է արել կառավարություն կազմել՝ «առանց աջ ծայրահեղականների»։ Չնայած ստացած ձայներին, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, հնարավոր է, չկարողանա այդ նահանգներում ստանձնել իշխանությունը, քանի որ մյուս կուսակցությունները հրաժարվել են կոալիցիա կազմել նրա հետ։

Ըստ Deutsche Welle-ի՝ չնայած սեպտեմբերի 1-ին ընտրություններ են տեղի ունեցել երկրի 16 դաշնային նահանգներից միայն 2-ում, սակայն դրանք շատ կարևոր նշանակություն ունեն։ Նահանգային ընտրություններն արտացոլում են մարդկանց վերաբերմունքը Գերմանիայի դաշնային կառավարության գործունեությանը։ 

Ըստ ընտրություններից առաջ անցկացված հարցումների՝ հինգ գերմանացիներից չորսն ասել են, որ բավարարված չեն դաշնային կառավարության աշխատանքով։

Ըստ Գերմանիայի պետական հեռարձակող ZDF-ի ներկայացրած էքզիթ փոլերի արդյունքների՝ Թուրինգիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ձայների 33,5 %-ը, իսկ երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ «Քրիստոնեական-դեմոկրատական միությունը», 24,5 %-ը։ Հարևան Սաքսոնիայում «Քրիստոնեական-դեմոկրատական միությունը» ստացել է ձայների 31,7 %-ը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝  30,6-31,4%-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում