Քաղաքականություն

ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում են լինելու բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության ու խաղաղության օրակարգերն՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի բացման խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին ՀՀ-ում պետության և պետականության ընկալման խորը փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները հիմնված են՝ «Հայրենիքը պետությունն է» և «Իրական» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ըստ այդ հայեցակարգերի՝ ՀՀ-ը ոչ թե որևէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են՝ անվտանգությունը և ազատությունը», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ բարեկեցության և դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն է և աշխատանքը՝ որպես համընդհանուր անելիք։

Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ արձանագրեց, որ 2024 թվականի հուլիսին՝ 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավել աշխատող կա ՀՀ-ում։ Նա նկատեց, որ այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։

«Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ սա այն հանգամանքի կարևորագույն արտահայտություններից մեկն է, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր՝ ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգացում է ապրում՝ ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ միևնույն ջանքի գործադրմամբ՝ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման որակավորման ավելի բարձր մակարդակն է, ինչի ապահովման ինստիտուցիոնալ զարգացումը նույնպես Կառավարության ուշադրության կենտրոնում է։

«Այս ամենն ամբողջանում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությամբ և խաղաղության օրակարգով, որին ՀՀ կառավարության հավատարմությունն անսասան է։ Այս օրակարգերի՝ հնարավորինս արդյունավետ սպասարկումն է լինելու Կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են», - եզրափակեց ՀՀ վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում