Աշխարհ

Ճապոնիայում թայֆունի հետևանքով չորս մարդ է զոհվել, շուրջ 100-ը՝ տուժել

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում թայֆունի հետևանքով չորս մարդ է զոհվել, շուրջ 100-ը՝ տուժել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում մոլեգնող «Շանշան» թայֆունի զոհերի թիվը հասել է չորսի, ևս 96 մարդ վնասվածքներ է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Japan Times-ը:

Երեք մարդ է զոհվել Ճապոնիայի կենտրոնական Այտի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևների առաջացրած սողանքի պատճառով։ Սիկոկու կղզու Տոկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչներից մեկը զոհվել է տան տանիքի փլուզման հետևանքով։

Օգոստոսի 30-ին Կյուսյու կղզում ավելի քան 100 000 տուն մնում է առանց էլեկտրականության։

Լույս օգոստոսի 30-ի գիշերը «Շանշան»-ը մոլեգնել է Կյուսյու կղզում։ Աղետի գոտում քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 108 կմ-ի։ Վերջին երեք օրվա ընթացքում կղզու Միյաձակի պրեֆեկտուրայում գրանցվել են գրեթե 90 սմ տեղումներ, ինչը 1,5 անգամ ավելի է, քան տեղումների նորման օգոստոսին։

Միևնույն ժամանակ, «Շանշան»-ը ներկայում կորցրել է իր ուժի մի մասը և այժմ դասակարգվում է որպես արևադարձային փոթորիկ:

Ճապոնիայի օդերևութաբանները երկրի բնակչությանը զգուշացնում են հանգստյան օրերին տեղատարափների և քամու ուժեղ պոռթկումների վտանգի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր մի քանի պրեֆեկտուրաների միջև արագընթաց գնացքների երթևեկության սահմանափակման և հարյուրավոր ավիաչվերթերի չեղարկման մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում