Կրթություն

Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից մինչև ձայնային էֆեկտներ և ֆիլմերի կրկնօրինակում: 

Ծրագրում ընդգրկված էին բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։ Ծրագրի նպատակն էր սովորողների մեջ խթանել ֆրանսերենով հաղորդակցումը մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմամբ։

Դանիայից ժամանած ֆրանսիացի արհեստավարժ դասընթացավար Րոմեն Լիեդոն աշակերտների համար իրականացրել է մասնագիտական կողմնորոշման հիանալի դասընթաց:

Այս իրադարձությունը մասնակիցների համար հրաշալի առիթ էր շփվելու և բացահայտելու տարբեր երկրների մշակույթը, սովորույթները և խոհանոցը՝ ունենալով իրական ֆրանկոֆոն միջավայր հաղորդակցության համար, ինչպես նաև բացահայտելու Հայաստանի տարբեր գողտրիկ անկյունները: Ճամբարի շրջանակում մասնակիցներն այցելել են Հաղարծինի վանք՝ միջնադարյան հոգևոր և մշակութային համալիր, ինչպես նաև զբոսնել Երևանի տեսարժան վայրերով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում