Սոցիալական հարցեր

Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մշակումից առաջ ուսումնասիրվել է վերջին 125 տարվա իրադարձությունների ազդեցությունը ժողովրդագրական պատկերի վրա

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության մշակումից առաջ ուսումնասիրվել է վերջին 125 տարվա իրադարձությունների ազդեցությունը ժողովրդագրական պատկերի վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փաստահեն ու տվյալահեն է գնահատում Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթուղթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Խաչատրյանը նման համոզմունք հայտնեց Մեդիա կենտրոնում «Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներ․ ի՞նչ լուծումներ է առաջարկում ռազմավարությունը» թեմայով քննարկմանը։

«Մենք վերցրել ենք մոտավորապես վերջին 125 տարվա ժամանակահատվածը՝ դեռևս 1897 թվականից որոշ ժողովրդագրական տվյալներ հնարավոր է եղել ձեռք բերել, և դրանք դրվել են այս փաստաթղթի հիմքում։ Կարող ենք ասել, որ սա ռազմավարությունների մեջ, երևի թե, ամենափաստական, այսինքն՝ խորը հաշվարկների վրա հիմնված, ավելի երկար ժամանակահատվածով իրականացված փաստաթուղթ է»,-ասաց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է նախկին ռազմավարությանը, որն ընդունվել էր 2009-2010 թվականներին, ապա Խաչատրյանի դիտարկմամբ, այն չէր արտացոլում առկա իրավիճակը: 

Խաչատրյանի խոսքով՝ նոր ռազմավարության մշակումն ու  դրա անհրաժեշտությունը պայմանավորված էին նաև 2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձություններով՝ համավարակ, հետպատերազմական իրավիճակ, ռուս-ուկրաինական պատերազմ, Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանում, որոնք ազդեցություն են ունեցել Հայաստանում ժողովրդագրական պատկերի վրա։ 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն աշխատանքներն իրականացնելու համար առաջարկել է ձևավորել խորհրդատվական խումբ: Ընտրվել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, աշխատանքային թիմում ընդգրկվել են տեղական և միջազգային լավագույն փորձագետներն ու ժողովրդագրագետները:  

Փաստաթուղթը քննարկվել է միջազգային հեղինակավոր կառույցներում, առաջարկների ու քննադատությունների հիման վրա որոշակի վերանայումներ են արվել, նոր ռազմավարական լուծումներ են առաջարկվել: 

«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր, կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ փաստաթղթի մշակման ընթացքում փորձել են հասկանալ Հայաստանի ներկայիս ժողովրդագրական իրավիճակի կապը անցյալի իրադարձությունների հետ։

Այդ նպատակով սկզբում մշակվել է տվյալների մեծ բազա՝ մոտ 125 տարվա կտրվածքով, որից հետո վերլուծվել են այդ ժամանակահատվածում բոլոր իրադարձությունների  ազդեցությունները ներկայիս ժողովրդագրական իրավիճակի վրա։ 

Ըստ փորձագետի՝ առաջին վերլուծական նյութը վերաբերել է մասնավորապես Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցած կորուստների ազդեցությանը Հայաստանի ժողովրդագրական պատկերի վրա։

«Երկրորդ վերլուծական նյութը նույնպես շատ կարևոր էր, և կարծում եմ, դա նաև նպաստեց նրան, որ կառավարությունը մեծ լրջություն տվեց այս փաստաթղթին,որտեղ մենք փորձեցինք վերլուծել, թե ինչպես են ժողովրդագրական իրավիճակը, կառուցվածքը ազդում մեր տարբեր ոլորտների վրա՝ սկսած քաղաքական միջավայրից, անվտանգությունից, վերջացրած կրթություն, առողջապահություն, տնտեսական զարգացում։ Երբ ընկալում ես, որ ժողովրդագրական իրավիճակը կանխորոշում է շատ իրավիճակներ այլ ոլորտներում, հասկանում ես դրա ֆունդամենտալ լինելը»,-նշեց Ջրբաշյանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Փաստաթղթով առաջին անգամ սահմանվում են 2024-2040 թ․ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, ոլորտային առաջնահերթություններն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը։

Ռազմավարության տեսլականը բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքն է՝ միտված մարդկային կապիտալի երկարաժամկետ զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

Ռազմավարական առաջին նպատակը վերաբերում է ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը: 

Հաջորդ նպատակները վերաբերում են մահվան ռիսկի գործոնների նվազեցմանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ավագ սերնդի համար ակտիվ, առողջ և արժանապատիվ պայմանների ապահովմանը, արտագաղթի հանգեցնող դրդապատճառների նվազեցմանը և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովմանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում