Աշխարհ

ԿՀՎ-ի նախազգուշացումն օգնել է կանխել Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ԻՊ-ի հարձակումը

3 րոպեի ընթերցում

ԿՀՎ-ի նախազգուշացումն օգնել է կանխել Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ԻՊ-ի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը հայտարարել է, որ Վիեննայում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգների ժամանակ ահաբեկիչները մտադիր էին տասնյակ հազարավոր մարդկանց սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Insider պարբերականը։

Մերիլենդում Հետախուզության և ազգային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ ելույթում ԿՀՎ-ի պաշտոնյան նշել է, որ վարչությունն Ավստրիայի իշխանություններին տրամադրել է տեղեկատվություն, որը նրանց թույլ է տվել ձերբակալել Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ հարձակում պլանավորող չորս անձի։

«Նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, ռումբ պատրաստելու համար նյութեր, և նրանք միջոցառման վայր մուտքի հասանելիություն ունեին։ Նրանք ծրագրում էին սպանել հսկայական թվով՝ տասնյակ հազարավոր մարդկանց այս համերգին, այդ թվում, վստահ եմ, շատ ամերիկացիների», - ասել է Քոհենը:

Նա հավելել է, որ կասկածյալներին ձերբակալել հնարավոր է եղել վարչության տրամադրած տեղեկատվության շնորհիվ։

«Ավստրիացիները կարողացան այդ ձերբակալությունները կատարել, քանի որ վարչությունը և հետախուզական համայնքի մեր գործընկերները նրանց տեղեկատվություն տրամադրեցին այն մասին, թե ինչ է պատրաստվում անել «Իսլամական պետության» հետ կապված այս խումբը», - հավելել է նա՝ ասելով, որ «հարյուրավոր կյանքեր, անկասկած, փրկվել են»։

Աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները, որոնք պետք է տեղի ունենային Վիեննայի «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին, չեղարկվել էին դրանց ընթացքում պլանավորված ահաբեկչության պատճառով։ Թեյլոր Սվիֆթի յուրաքանչյուր համերգին սպասվում էր 65 000 հանդիսատեսի ներկայություն։ 

«Վիեննայի մեր համերգների չեղարկումը սարսափելի էր։ Չեղարկման պատճառն ինձ համակեց վախի նոր զգացումով և ահռելի մեծ մեղքի զգացումով։ Բայց ես նաև այնքան երախտապարտ եմ իշխանություններին, որովհետև նրանց շնորհիվ մենք վշտացանք միայն համերգների, ոչ թե կորսված կյանքերի համար», - օգոստոսի 21-ին Instagram-ի իր էջում գրել էր երգչուհին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում