Մերձավոր Արևելք

Իսրայելը հերքել է պոլիոմիելիտի պատվաստումների համար հրադադար հաստատելու մասին լուրերը

3 րոպեի ընթերցում

Իսրայելը հերքել է պոլիոմիելիտի պատվաստումների համար հրադադար հաստատելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը կոչ է արել ժամանակավոր հրադադար հաստատել Գազայում՝ պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստում անցկացնելու համար: Իր հերթին Իսրայելը հերքել է պատվաստումների համար հնարավոր հրադադար հաստատելու մասին տարածված լուրերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գործակալությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ հարկավոր է Գազայի հատվածում պոլիոմիելիտի դեմ պատվաստման լայնածավալ արշավ անցկացնել հնարավորինս շուտ։ 

«Որպեսզի դա տեղի ունենա, մեզ մարդասիրական դադար է անհրաժեշտ: Մենք չենք կարող երեխաներին պատվաստել ռումբերով և հրթիռներով լի երկնքի ներքո: Մեզ մարդկայնություն է անհրաժեշտ», - ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունը պատվաստման է նախապատրաստվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ։

Ավելի վաղ պատվաստումների համար հրադադար հաստատելու կոչ էր արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Այդ առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Channel 13 հեռուստաալիքի տեղեկատվությունը Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Իսրայելի ենթադրյալ համաձայնության մասին։

«Channel 13 հեռուստաալիքի հաղորդումն այն մասին, թե Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, սուտ է: Դրանք պոլիոմիելիտի դեմ պատվաստման համար մարտական գործողությունների դադարներ չեն, այլ միայն (դրա համար) որոշակի վայրերի հատկացում Գազայի հատվածում», - հայտարարել է վարչապետի գրասենյակը։ 

Գազայի հատվածում պոլիոմիելիտի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 16-ին։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ հայտարարությամբ հայտնել են Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստման երկփուլ արշավի մասին։ ՄԱԿ-ը 11 բժշկական կենտրոններում նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի այնտեղ անցկացվեն պատվաստումներ։ Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ պատվաստումների առաջին փուլը կսկսվի օգոստոսի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում