ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը
1 րոպեի ընթերցում
![ՀԱՊԿ-ում լարված են անվանել Անդրկովկասում տիրող իրավիճակը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/29/5U4rE4DR9XZ14ABVTtdfhaEKtqWgt2tph6Nkfi3Y.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
«Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված տարածքային խնդիրներով, ինչպես նաև Անդրկովկասում իր ազդեցությունը մեծացնելու՝ Արևմուտքի ցանկությամբ», - ասել է Սերդյուկովը։
Ըստ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում նույնպես բարձր մակարդակով պահպանվում են վտանգներն ու մարտահրավերները՝ կապված միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տարածման հետ, որոնք հիմնական վտանգ են ներկայացնում կազմակերպության անդամ երկրներում կայունության համար: