Իրավունք

«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

3 րոպեի ընթերցում

«Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2024 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեմքերը բժշկական դիմակներով քողարկված, գնացել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Վասաբի» ռեստորան:

«24-ամյա երիտասարդներից մեկը, հարվածելով ռեստորանի պահակի դեմքին՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի պատճառով վերջինս աստիճաններով գլորվել է ներքև՝ ստանալով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: 

Այնուհետև երեքով ապօրինի մուտք են գործել ռեստորան, որտեղ մյուս երկու երիտասարդները, մետաղյա առարկայով վնասելով դրամարկղը, հափշտակել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հեռացել՝ հափշտակված գումարը հետագայում բաժանելով միմյանց միջև: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն հետագայում, դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում