Աշխարհ

Հնդկաստանը նախատեսում է 2024-2025 ֆինանսական տարում 160 տոննա ոսկի գնել ԱՄԷ-ից

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը նախատեսում է 2024-2025 ֆինանսական տարում 160 տոննա ոսկի գնել ԱՄԷ-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մտադիր է ընթացիկ 2024-2025 ֆինանսական տարում (սկսվել է ապրիլի 1-ից) Արաբական Միացյալ Էմիրություններից գնել մինչև 160 տոննա ոսկի՝ 1% արտոնյալ տարիֆային սակագնով՝ տարիֆային  քվոտային (TRQ) համապատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է PTI գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի նախարարների կաբինետի աղբյուրների։

Ոսկու ներմուծումը կիրականացվի երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2022 թ. մայիսի 1-ին։ Այն նախատեսում է Հնդկաստանի կողմից տարեկան 200 տոննա ոսկու գնում ԱՄԷ-ից։ 2023-2024 ֆինանսական տարում ԱՄԷ-ից այդ թանկարժեք մետաղի ներմուծումը Հնդկաստանի կողմից աճել է 147,6 %-ով՝ մինչև 140 տոննա և կազմել 7,6 մլրդ դոլար՝ նախորդ ֆինանսական տարվա 3 մլրդ դոլարի համեմատությամբ։

Կառավարության տվյալներով՝ անցյալ ֆինանսական տարում Հնդկաստանն ավելացրել է ոսկու ներմուծումը, որի ընդհանուր ծավալն աճել է 30 %-ով և կազմել 45,54 մլրդ դոլար: 2024 թվականի ապրիլ-հուլիսին Հնդկաստանի կողմից ոսկու արտասահմանյան գնումները կրճատվել են 4,23 %-ով՝ մինչև 12,64 միլիարդ դոլար՝ համաշխարհային տնտեսական անորոշության պատճառով։ Ներմուծումն ավելացնելու համար իշխանությունները ոսկու և արծաթի մաքսատուրքը բյուջեով նախատեսված 15 %-ից իջեցրել են մինչև 6 %։

Հնդկաստան ոսկու ամենամեծ արտահանողը Շվեյցարիան է, որին բաժին է ընկնում Նյու Դելիի կողմից այս մետաղի ընդհանուր գնումների մոտ 40 %-ը, նրան հաջորդում են ԱՄԷ-ն (ավելի քան 16 %) և Հարավաֆրիկյան Հանրապետությունը ​​(մոտ 10 %)։

Հնդկաստանը համաշխարհային շուկայում տարեկան գնում է մինչև 900 տոննա ոսկի. այս մետաղին է բաժին ընկնում երկրի ներմուծման ընդհանուր ծավալի ավելի քան 5 %-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում