Վերլուծություն

Պաղեստինաիսրայելական ճակատում շատ շուտ հանգուցալուծումների ականատես չենք լինի. արաբագետի վերլուծությունը

6 րոպեի ընթերցում

Արաքս Փաշայան
Պաղեստինաիսրայելական ճակատում շատ շուտ հանգուցալուծումների ականատես չենք լինի. արաբագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինաիսրայելական հակամարտությունն ունի բավականին խորքային բնույթ, և կողմերն այս պահի դրությամբ բավականին անհանդուրժող են միմյանց նկատմամբ, հետևաբար դեռ տեսանելի չեն փոխզիջումների գնալու միտումներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության ներկա փուլին, Կահիրեում կայացած բանակցությունների ձախողմանն ու հնարավոր զարգացումներին։ 

«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ն ունեն իրենց կարմիր գծերը, իսկ նրանց աջակցող աշխարհաքաղաքական ուժերն ունեն իրենց օրակարգը։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայում առկա ենթակառուցվածքներին և քաղաքացիական օբյեկտներին, ինչի պատճառով զոհվում են հազարավոր մարդիկ։ Որքան էլ միջազգային կառույցներն ու կազմակերպություններն այս պահին հանդես են գալիս պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչերով, փաստացի մարտական գործողությունները շարունակվում են՝ հանգեցնելով նորանոր արհավիրքների, մեծացնելով զոհերի քանակը»,- ասաց Փաշայանը։

Անդրադառնալով միջնորդների գործադրած ջանքերին՝ արաբագետն ընդգծեց, որ հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու՝ Եգիպտոսի ու Կատարի փորձերն արդյունք չեն տալիս, քանի որ ՀԱՄԱՍ-ը հանդես է գալիս արմատական դիրքերից և ընդհանրապես չի ճանաչում Իսրայել պետությունը, իսկ Թել-Ավիվն էլ դեմ է Պաղեստինի անկախացմանը, հետևաբար միմյանց հետ հարաբերվելու և փոխգործակցելու առումով կան լրջագույն խնդիրներ։ 

«Կկարողանա՞ն, արդյոք, կողմերը հասնել փոխզիջումների, դժվար է ասել, որովհետև պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե ՀԱՄԱՍ-ին աջակցող դերակատարները և դրանցից ամենակարևորը՝ Իրանը, ինչ նոր մոտեցումներ ունեն աշխարհաքաղաքական գործընթացներում իրենց դերակատարության, Արևմուտքի հետ իրենց մերձեցման, Իսրայելի հետ հարաբերությունների առումով։ Հաշտվելուն միտված հաճախակի հնչող կոչերը չեն կարող միանգամից ընդունվել, քանի որ խմորումները կապիտալիզացվում են որոշակի ժամանակի ընթացքում։ Մերձավոր Արևելքը տասնամյակներ շարունակ ներքաշված է նաև պրոքսի, միջնորդավորված պատերազմների հորձանուտի մեջ, որտեղ շատ ուժեղ է նաև մրցակցությունն աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ուստի մենք շատ շուտ հանգուցալուծումների ականատես չենք լինի»,- նշեց մեր զրուցակիցը։

Փաշայանի կարծիքով՝ տևական ժամանակ գոյություն ունեցող անզիջում մրցակցությունն առաջիկայում էլ շարունակվելու է, և կարևոր է նաև նկատի ունենալ, թե պաղեստինյան հիմնախնդիրն ի վերջո Իսրայելի համար  ինչ հեռանկարներ է ունենալու թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Ըստ նրա՝ Իսրայելը, գուցե, կարճաժամկետ կտրվածքով կարողանա հաղթանակ տանել Գազայի նկատմամբ, բայց խնդիրը նման կոպիտ ձևով լուծելու դեպքում տևական ժամանակ կներքաշվի անվտանգային ամենաբարդ ու ամենախրթին պրոբլեմների մեջ, որոնք հաղթահարելու համար պետք է ներդնի հսկայական ջանքեր։

«Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե խաղաղության կամ պատերազմի համատեքստում ինչ տեսակետներ ու սպասումներ ունի իսրայելական հասարակությունը և առհասարակ ինչ հետևանքներ ունեցավ և դեռ կունենա այս հակամարտությունը Մերձավոր Արևելքում արաբական երկրների ու Իսրայելի միջև խաղաղության գործընթացի ձախողման համատեքստում։ Պատերազմն առայժմ ցույց է տալիս, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը մտել են փակուղի և առաջիկայում հանգուցալուծման մասին խոսելու համար դեռ շատ վաղ է»,- նշեց Փաշայանը։

Արաբագետի դիտարկմամբ՝ միշտ էլ մերձավորարևելյան հակամարտության հետ կապված միջնորդական ջանքերն ընթացել են բավականին դժվար, տևել են տարիներ և ուղեկցվել շատ մեծ բարդություններով։ Նրա կարծիքով՝ Կատարը վերջին շրջանում ցույց է տալիս, որ կարող է ինքնուրույն հանդես գալ միջնորդական առաքելությամբ, ինչն այդ երկրի արտաքին քաղաքականության գործիքներից է։ Դժվար է ասել, թե մյուս միջնորդը՝ Եգիպտոսը, որքանով է ամենահիմնական խաղացողներից մեկը, իսկ ամերիկյան կողմն առհասարակ կախված է երկրում սպասվող ընտրություններից, քանի որ ԱՄՆ-ում գործող քաղաքական տարբեր թիմերի միջև առկա են նույնիսկ սուր առճակատումներ լրջագույն խնդիրների շուրջ։ Կան նաև ներքին ու արտաքին գործոններ, որոնք կապված են աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների, արմատական մոտեցումների և ընկալումների հետ, ուստի խանգարում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ 

Անդրադառնալով պաղեստինաիսրայելական հակամարտության մեջ երկրորդ ճակատի բացման հավանականությանը՝ Փաշայանը նշեց, որ լիբանանյան «Հըզբոլլահ»-ը նույնպես տասնամյակներ շարունակ ներքաշված է արաբաիսրայելական հակամարտության մեջ և այսօր էլ շարունակում է պայքարը։    

«Այդուհանդերձ, Իսրայել-Լիբանան հակամարտությունը կրում է լոկալ բնույթ և առաջիկայում այդ առճակատումը դուրս չի գա իր սահմաններից ու կմնա ներկայիս տիրույթում»,- եզրափակեց արաբագետը։   

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում