Վերլուծություն

Թեհրանը մշտապես վարել է հավասարակշռված քաղաքականություն, պետք չէ սպասել էմոցիոնալ վրեժխնդրության. Գոռ Մարգարյանի անդրադարձը՝ Իրան-Իսրայել հավանական առճակատմանը

9 րոպեի ընթերցում

Գոռ Մարգարյան
Թեհրանը մշտապես վարել է հավասարակշռված քաղաքականություն, պետք չէ սպասել էմոցիոնալ վրեժխնդրության. Գոռ Մարգարյանի անդրադարձը՝ Իրան-Իսրայել հավանական առճակատմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև կանխագուշակվող հնարավոր բախումների կամ լայնամասշտաբ հակամարտության մասին խոսելիս՝ կարևոր է հասկանալ, որ այս պարագայում գործ ունենք Իրան պետության և իրանցի ժողովրդի հետ, որն ունի պետականության հազարամյակների պատմություն, և ուղղակիորեն պետք չէ հաշվի առնել միայն այն պնդումը, թե այստեղ հարցերը լուծվելու են էմոցիոնալ կամ զգայական մակարդակով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գեղարդ» հիմնադրամի և Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոռ Մարգարյանն՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությանը, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև ենթադրյալ ռազմական գործողություններին:  

Նրա դիտարկմամբ՝ չնայած որոշ փորձագետներ վերջին շրջանում կարծիք էին հայտնում, որ 24-ից 48 ժամվա ընթացքում իրանական կողմը կոշտ հարվածներ կհասցնի Իսրայելին, իսկ որոշ փորձագետներ էլ, նույնիսկ, հարվածի մի քանի ալիք էին նախանշում, Իրանն էլ, իր հերթին, հայտարարում էր և տարբեր խողովակների միջոցով զգուշացնում վրեժխնդրության հնարավոր տարբերակների մասին, այդուհանդերձ, իրավիճակն այս պահին դեռևս կարելի է որակել որպես վերահսկելի։ 

«Այստեղ կարևոր է հասկանալ, որ գործ ունենք Իրան պետության և իրանցի ժողովրդի հետ, որն ունի պետականության հազարամյակների պատմություն, և ուղղակիորեն պետք չէ հաշվի առնել միայն այն հանգամանքը, որ այստեղ հարցերը լուծվելու են էմոցիոնալ կամ զգայական մակարդակով․ սա, մեղմ ասած, փողոցային ձեռնամարտ չէ, որ հարցերը լուծվեն զգայական մակարդակով՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով։ Պետք է միշտ հաշվի առնել, որ ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «Արևելքը նուրբ գործ է», - ընդգծեց Մարգարյանը՝ նկատելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք, որ եթե այս համատեքստում իրանական գործողությունները դիտարկենք պատմական կտրվածքով, ապա կտեսնենք, որ վերջին դարերի ընթացքում գրեթե բոլոր դեպքերում Իրանը պատերազմի պարագայում նախահարձակ չի լինում։

Զրուցակցի դիտարկմամբ՝ հակամարտությունների կամ այլ երկրների հետ տարաձայնությունների կարգավորման առումով Իրանը մշտապես ձգտում է գործել շատ ավելի ծանրակշիռ, հավասարակշռված քաղաքականությամբ, հնարավորության դեպքում նաև դիվանագիտական ճանապարհով։

«Ակամա հիշում եմ  Օսմանա-սեֆյան պատերազմները, որի ընթացքում Իրանի շահ Թահմասպին կոչ էին անում դուրս գալ բաց ճակատամարտի, և վերջինս պատասխանում էր, որ այնքան միամիտ կամ այնքան անփորձ չէ, որ 1-ին 10-ը հարաբերակցության պարագայում ուղիղ պատերազմի դուրս գա», - նշեց Մարգարյանը՝ զուգահեռներ անցկացնելով Մերձավոր Արևելքում տիրող ներկա իրավիճակի հետ:

Մարգարյանի կարծիքով՝ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում, եթե լայնածավալ պատերազմ տեղի ունենա, ապա Իրանի ուժերն այնքան էլ համահավասար չեն լինելու հակառակորդների դեմ պայքարելու համար. Թեհրանի դաշնակիցների ցանկը հնարավոր պատերազմի դեպքում այնքան էլ լայն չի լինելու, եթե հատկապես հաշվի առնենք, որ այս ընթացքում արաբական երկրները ոչ միայն Գազայի հարցում, այլև արաբա-իսրայելական հակամարտության ֆոնին այնքան էլ միասնականություն չեն ցուցաբերում: Հակառակը, օրինակ՝ ինչպես տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլին եղած բախումների ընթացքում, այնպես էլ հիմա Հորդանանը և Սաուդյան Արաբիան այլ դիրքորոշում են հայտնում՝ հայտարարելով, որ, այդուհանդերձ, իրենց երկրների օդային տարածքներով իրանական հրթիռների թռիչքներ չեն կարող թույլ տալ», - ասաց Գոռ Մարգարյանը՝ հիշեցնելով, որ ապրիլյան այդ սրացման ժամանակ իրանական հրթիռները, որոնք արձակվել էին Իսրայելի ուղղությամբ, նույնիսկ չհասան վերջինիս տարածքին, քանի որ ոչնչացվեցին հենց Հորդանանի կամ էլ Սաուդյան Արաբիայի օդային տարածքներում:

Զրուցակիցը նկատեց, սակայն, մեկ այլ կարևոր գործոն, որի համաձայն՝ Իրանում ևս շատ լավ գիտակցում են ստեղծված իրադրությունը, և միամտություն կլինի կարծել, որ այս իրադարձությունների համատեքստում Թեհրանը պետք է գործի արևմտյան, ռուսական կամ էլ իրանական փորձագետների գուշակած սցենարներով. իհարկե, այդպես չի կարող լինել:

«Իհարկե, կարող ենք հաշվի առնել, որ խոսքը գնում է տաքարյուն արևելքի մասին, որտեղ ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել, բայց, այնուամենայնիվ, այստեղ հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլորը հասկանում են, որ Իրան-Իսրայել բախումն ազդեցություն է ունենալու ամբողջ տարածաշրջանի, իսկ, միգուցե, նաև տարածվի դրա սահմաններից դուրս: Այդ է պատճառը, որ ինչպես վերջին օրերին ենք տեսնում, այդ բախման չտարածման գործում շահագրգիռ են ինչպես տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերն, այնպես էլ գերտերություններն ու ուժային կենտրոնները, ինչն արտահայտվեց բանավոր կոչերի, հորդորների կամ էլ փոխայցելությունների տեսքով», - շեշտեց զրուցակիցը:

Նրա կարծիքով՝ այստեղ ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի պարագայում շատ կարևոր է նաև հասկանալ, թե իրականում ի՞նչ է նրանց տալու այդ թեկուզ և ոչ լայնամասշտաբ պատերազմը: Ըստ նրա՝ այստեղ շատ հետաքրքրական է այն, թե Իրանի կողմից սպասվող այդ հուժկու հակահարվածն արդյոք տալո՞ւ է սպասված արդյունքը, ինչի մասին հայտարարվում է:

«Գաղտնիք չէ, որ պատերազմներ կամ ռազմական գործողություններ սկսելուց առաջ մշտապես հաշվի է առնվում այն, թե որքանո՞վ է շահը գերակշռելու տույժին: Սա կարևոր հանգամանք է, և հիմա այս պարագայում հարց է առաջանում՝ Իրանն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ տուժելու», - իր խոսքում նման կարծիք հայտնեց Գոռ Մարգարյանը: 

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ կարևոր գործոնի վրա՝ նշելով, որ վերջին շրջանում Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումների կոշտ գործողությունների ընթացքում տեղի է ունեցել հետևյալ իրադարձությունը. «Հավաքական Արևմուտքն աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի սրացող տեմպերով քննադատել իսրայելական բանակի գործողությունները: Իրադրությունը հասավ նրան, որ սույն թվականի մայիսին և հուլիսին ՄԱԿ-ի տարբեր ատյանների կողմից Իսրայելի դեմ բանաձևեր ընդունվեցին, փոխհատուցումներ պարտադրվեցին, դատապարտվեցին և միջազգային նորմերին հակասող դիտարկվեցին Իսրայելի բանակի գործողությունները և այլն: Կարճ ասած՝ հետաքրքիր փաստ  այն, որ հավաքական Արևմուտքը, որը հովանավորում և աջակցում էր Իսրայելին, այդ պարագաներում արդեն սկսեց քննադատել»:

Այդուհանդերձ, ի հակադրություն վերոնշյալի՝ Մարգարյանը նկատեց, որ իրանական վտանգի պարագայում շատ տեսանելի է դառնում, թե ինչպես է հենց այդ նույն հավաքական Արևմուտքը կոնսոլիդացնում իր ուժերն Իսրայելի շուրջ՝ ձեռնամուխ լինելով վերջինիս պաշտպանությանն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով: Զրուցակիցը հիշեցրեց, որ արդեն իսկ մեծ քանակությամբ ինքնաթիռներ են տեղափոխվել Մերձավոր Արևելք՝ ի պաշտպանություն Իսրայելի:

«Առնվազն արտատարածաշրջանային խաղացողների տեսանկյունից այստեղ հակառակ պատկերը կարող ենք տեսնել. Իրանն այս պարագայում, մեղմ ասած, դաշնակիցների առումով, եթե հաշվի չառնենք պրոքսի (խմբ. ազդեցության տակ գտնվող ուժեր կամ երկրներ) ուժերին, չունի այն աջակցությունը, որի վրա հենվելով՝ կկարողանա հակադրվել կամ պատերազմի պարագայում ակնկալել համաչափ պայքար», - ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով հարցին, թե հավանակա՞ն է արդյոք Իսրայելի կողմից նախահարձակ լինելը կամ կանխարգելիչ գործողություններ իրականացնելը՝  Գոռ Մարգարյանը նշեց. 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին սրացումը բավականին հուժկու պատասխան հարվածի հնարավորություններ առաջացրեց Իրանի համար՝ կարելի է ենթադրել, որ Իսրայելը որոշակի զսպվածություն կցուցաբերի, սակայն մեկ այլ կողմից էլ կարող ենք տեսնել մի պարզ ճշմարտություն. իսրայելական բանակն ունի բավականին հետաքրքիր գործելաոճ և, հնարավոր է, գնա ոչ թե մեր պատկերացրած լայնամասշտաբ գործողություններին, այլ գործի թիրախային, ինչպես որ միշտ է անում»: 

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում