Քաղաքականություն

Ադրբեջանում իսրայելական ներկայության հանգամանքը տևական ժամանակ հանրահայտ իրողություն է. արաբագետ

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանում իսրայելական ներկայության հանգամանքը տևական ժամանակ հանրահայտ իրողություն է. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Ադրբեջանից ու Վրաստանից իր զինվորականների վերադառնալու վերաբերյալ Իսրայելի զգուշավոր հայտարարությանը՝ Ադրբեջանում իսրայելական ներկայության հանգամանքը տևական ժամանակ հանրահայտ իրողություն է, իսկ Վրաստանի անունը շեշտելը պարզապես ուշադրությունն Ադրբեջանից շեղելու նպատակ է ունեցել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով իսրայելական պետական լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությանը, թե Իսրայելը իր զինվորականներին, որոնք ինչ-ինչ պատճառներով գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում, արգելել է մնալ այդ երկրներում: 

Պետրոսյանն ընդգծեց, որ Իսրայելի կողմից հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության գործողության դիմաց տևական ժամանակ ակնկալվող իրանական հնարավոր պատասխան գործողությունը, սպասվում է, որ կարող է մի քանի շերտով տեղի ունենալ: 

«Իսրայելական կողմը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում՝ հաշվարկելով այն պոտենցիալ ուղղություններն ու հնարավորությունները, որտեղ Իրանը կարող է վնաս հասցնել: Այդ ուղղություններից մեկն էլ արտերկրում գտնվող իսրայելական զինծառայողների կամ հետախուզական, գաղտնի օբյեկտների դեմ հնարավոր հարձակումներն են, կամ օտարերկրյա այցերի ընթացքում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրանական թիրախային գործողությունները: Սա է պատճառը, որ իսրայելական կողմը կոչ է արել իր զինծառայողներին  լքել Ադրբեջանի և Վրաստանի տարածքները: Թիրախը հատկապես Ադրբեջանն է: Բայց, որպեսզի ուշադրությունը միայն Ադրբեջանի վրա չկենտրոնանա, ավելացրել են նաև Վրաստանը՝ շատ լավ հասկանալով, որ հատկապես իրանական այդ պատասխան գործողության ձևաչափն ավելի հնարավոր է Իրանին անմիջապես սահմանակից տարածաշրջաններում: Դրանցից մեկն էլ Հարավային Կովկասն է, հատկապես Ադրբեջանը, որտեղ դեռևս իրանական որոշակի գործակալական ցանց է գործում, և կարող է այդ հատուկ գործողությունն իրականացնել»,–ասաց արաբագետը:

Նա նկատեց, որ հայտարարությունը զգուշավոր կերպով է արված, տրված են նուրբ ձևակերպումներ: Օրինակ՝ նշված է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Վրաստանը, որպեսզի Հարավային Կովկասում Ադրբեջանի վրա կենտրոնացում չլինի: «Երկրորդ՝ իրենք նշում են զինվորականների, որոնք տարբեր պատճառներով՝ կամ գործուղումների, կամ աշխատանքային զբաղվածությամբ  պայմանավորված կարող են գտնվել այդ երկրներում։ Այսինքն՝ կարող են լինել ոչ միայն այնտեղ ծառայություն իրականացնող, այլ հատուկ նպատակով, գործուղմամբ մեկնած զինվորականներ: Նրանց զգուշավորությունն ու նման հայտարարությունն արդեն թույլ է տալիս պնդելու, որ, բնականաբար, որոշ նպատակների համար նրանք Հարավային Կովկասի տարածաշրջանում այս պահին գործուղված զինվորականներ ունեն, դա առավելապես վերաբերում է Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանում այդ ներկայության հանգամանքն էլ տևական ժամանակ հանրահայտ իրողություն է»,-ասաց Պետրոսյանը: 

Իսկ Իսրայելի կողմից նման կոչի անհրաժեշտությունն առաջացել է այն համատեքստում, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Իրանը կարող է պատասխանել օտար երկրներում իսրայելական գաղտնի օբյեկտների դեմ կամ իսրայելցի զինծառայողների կամ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների դեմ հնարավոր գործողություններով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա: 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում