Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի
2 րոպեի ընթերցում
![Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/12/e63v83l6ci0lnnE8IZ2p12CwWOeCIEQs3xXNihsg.webp)
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է, որ երկրի նոր մայրաքաղաք Նուսանտարայում բենզինով աշխատող ավտոմեքենաներ չեն լինի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Տնտեսությունը, որը կզարգանա մայրաքաղաք Նուսանտարայում, կանաչ տնտեսությունն է… Այն ամենը, ինչ արվելու է, լինելու է կանաչ: Որպես փոխադրամիջոց օգտագործվելու են էլեկտրամոբիլները…. Բենզինով աշխատող ներքին այրման շարժիչով մեքենաներն իսկապես արգելվելու են Նուսանտարայում, քանի որ նրա հայեցակարգը կանաչ քաղաքն է», - Ջոկո Վիդոդոյի խոսքերն է մեջբերել Detik հարթակը:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարի մասին հայտարարել էր 2019 թվականին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ մեգապոլիսը Կալիմանտան կղզում կհայտնվի մինչև 2024 թվականը։ Այդ նպատակի համար հատկացվել է գրեթե 32 մլրդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նախագծի իրագործումը կասեցվել է։ 2022 թ. հունվարի կեսերին պետության ղեկավարը հայտարարել է, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա (թարգմանաբար նշանակում է «կղզեխումբ»)։
Հուլիսի 28-ին Ջոկո Վիդոդոն ժամանել էր նոր մայրաքաղաք՝ անցկացնելու իր առաջին աշխատանքային օրերը, սակայն հուլիսի 30-ին նա վերադարձել էր Ջակարտա, որտեղ գտնվում է երկրի կառավարությունը։
Ինդոնեզիայի ընտրված նախագահ Պրաբովո Սուբիանտոն հայտարարել է, որ ձգտում է ավարտել Նուսանտարայի կառուցումը և պատրաստ է տեղափոխվել այնտեղ: