Մերձավոր Արևելք

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։

Երեք ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչերին, որոնք միջնորդներ են հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները վերսկսելու շուրջ բանակցություններում։

«Մենք կոչ ենք անում Իրանին ու նրա դաշնակիցներին զերծ մնալ գրոհներից, որոնք կհանգեցնեն տարածաշրջանային լարվածության սրման և վտանգի տակ կդնեն հրադադարի և պատանդների ազատման շուրջ գործարք կնքելու հնարավորությունը», - նշված է հայտարարության մեջ:

Սթարմերը, Մակրոնը և Շոլցը զգուշացրել են, որ Իրանը և նրա դաշնակիցները պատասխանատվության կենթարկվեն, եթե նրանց գործողությունները վտանգեն «խաղաղության և կայունության այս հնարավորությունը»: 

Հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո հրադադար կնքելու շուրջ բանակցությունները դադարեցվեցին։ Ավելի ուշ միջնորդները կողմերին կոչ արեցին բանակցությունները վերսկսել օգոստոսի 15-ին։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել բանակցություններին։ Իսրայելական կողմը համաձայնել է։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի վերջին Թեհրանում Հանիյեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց սպանության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում