Վերլուծություն

Գործադրվում են համառ ջանքեր, որպեսզի Իրանին ներքաշեն լայնամասշտաբ գործողությունների մեջ. իրանագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Նվեր Դավթյան
Գործադրվում են համառ ջանքեր, որպեսզի Իրանին ներքաշեն լայնամասշտաբ գործողությունների մեջ. իրանագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական և իրանական կողմերն իրենց հայտարարություններում հաստատում են երկու երկրների միջև պատերազմի հավանականությունը, բայց հարցն այն է, թե ինչպիսին պետք է լինեն հակամարտության, բախումների կամ պատերազմի ծավալները, առավել ևս, որ ԱՄՆ-ն ու մի շարք այլ ուժեր դեմ են լայնամասշտաբ պատերազմի բռնկմանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով Իսրայելի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆլեր Հասան Նահումի կողմից օրեր առաջ արված հայտարարությանը, թե Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ պատերազմն անխուսափելիորեն կսկսվի։ 

«Իրանական կողմի հայտարարություններն էլ թեև վկայում են, որ Թեհրանը մտադիր չէ լայնամասշտաբ գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ, սակայն միաժամանակ նշվում է, որ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո պատասխան քայլեր, միանշանակ, կլինեն։ Վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսում էր ոչ պատահական «մարտավարական նահանջի» նպատակահարմարության մասին, իսկ Իրանի այսօրվա «մարտավարական հապաղումը» համապատասխանում է այդ կոնցեպտին։ Հատկապես, բավական էֆեկտիվ է աշխատում Իրանի կողմից արդեն երեք շաբաթ իսրայելական հասարակությանն ու բանակին լարված սպասողական վիճակի մեջ պահելը»,- ասաց Դավթյանը։

Նա հավելեց, որ արևմտյան տարբեր լրատվամիջոցների կողմից նշվում է՝ Իրանը հետ է կանգնել իր մտադրություններից, որ ԱՄՆ-ի միջնորդական առաքելության շնորհիվ՝ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները կարող են ազդել դրա վրա, և Իրանը կարող է չեղարկել իր որոշումը, սակայն Թեհրանն այդ ֆոնին պարբերաբար հիշեցնում է իր կողմից ձեռնարկվելիք գործողությունների մասին։ 

«Ընդ որում՝ դրանց ծավալների վերաբերյալ կարելի է միայն կանխատեսումներ անել, որովհետև պլանները ոչ ոքի հայտնի չեն։ Այդուհանդերձ, կանխատեսումների հիմքում կան հայտարարությունների վրա հիմնված որոշակի տրամաբանական լուրջ փաստարկներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկրորդ հայտարարությունն Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո հաստատում էր, որ Իրանը կպատասխանի համապատասխան պահի, համապատասխան վայրում՝ ակնկալելով համապատասխան արդյունք։ Թեև Իրանը մտադիր չէ իրականացնել լայնամասշտաբ գործողություններ, բայց պատրաստ է դրան, ուստի հասկանալի է, որ հարվածի ուժգնությունն Իսրայելի համար լինելու է բավականին ազդու»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Իրանագետն անդրադարձավ նաև ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությանը մոտ կանգնած աղբյուրների հայտարարությանը, որն, ըստ էության, հաստատում է վերոգրյալը՝ նշելով, որ իրանական կողմի պատասխան գործողությունները պետք է ապահովեն կոնկրետ արդյունք։ Քանի որ Իրանի ինքնիշխանության նկատմամբ կատարվել է ոտնձգություն, և կա Իսմայիլ Հանիայի սպանության հետ կապված վրեժխնդրության զգացողություն, հետևաբար, Իրանի պատասխանը պետք է ունենա այնպիսի արդյունք, որ Իսրայելն այլևս երբեք չհամարձակվի Իրանի նկատմամբ իրականացնել նման ոտնձգություն։

Դավթյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն ունի Իսրայելի վրա ազդելու և նրան զսպելու որոշակի լծակներ, բայց արդյոք այդ լծակները կիրառելու համար այսօր տեղին է քաղաքական ցանկությունը կամ նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով հրեական լոբբինգի ազդեցությունը Միացյալ Նահանգներում և առաջիկայում այնտեղ սպասվող ընտրություններում։ 

«Այս համատեքստում Իսրայելի շտապողականությունը տարածաշրջանում էսկալացիայի մասով պայմանավորված է նաև այդ հանգամանքով, հետևաբար, Իսրայելը կարող է ակնկալել այն, ինչը Միացյալ Նահանգները, որպես անվտանգության դաշնակից, պետք է ապահովի Թել-Ավիվի համար։ Հակամարտության հետագա ծավալման ու իրադարձությունների անվերահսկելիության առումով ոչինչ բացառված չէ, որովհետև երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումներում բավական ամուր են։ Իսրայելի կողմից Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերն ունեցել են տարբեր սցենարներ։ Նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցավ իսրայելական մարզադաշտերից մեկում իբր «Հըզբոլլահի» կողմից արձակված հրթիռի հետ կապված միջադեպ, որի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր, ու դրանից հետո Իսրայելը կայացրեց այդ կառույցի դեմ լայնամասշտաբ պատժիչ գործողություններ ձեռնարկելու որոշում, ինչին էլ հաջորդեց «Հըզբոլլահին» աջակցելու՝ իրանական կողմի հայտարարությունը»,- նշեց իրանագետը։ 

Դավթյանը հիշեցրեց, որ այնուհետ տեղի ունեցավ «Հըզբոլլահի» ազդեցիկ առաջնորդներից մեկի՝ Ֆուհադ Շուքրի սպանությունը, սակայն այդ ամենը կատարվում էր Իրանի սահմաններից դուրս, հետևաբար, Իրանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով արդեն նրա տարածքում կազմակերպվեց ու իրագործվեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը։ 

«Խնդիրը պետք է դիտարկել նաև գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, քանի որ Իրանի հակառակորդները ցանկանում են մի քանի ուղղություններով նվազեցնել ԻՀՀ-ի ազդեցությունը։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական ճակատում թույլ չտալ Իրանի աջակցությունը Ռուսաստանին։ Մյուս ուղղությունը Հարավային Կովկասն է։ Որքան էլ վերջին շրջանում եղան հայտարարություններ, տարածվեցին տեղեկություններ, որ Ադրբեջանի տարածքում իբր չկան իսրայելցի զինվորականներ, որ Իսրայելն այդ երկրից հետ է ստացել սպառազինության որոշ միջոցներ, բայցևայնպես, դա քիչ հավանական է, որովհետև ամենահավական ուղղություններից մեկը, որ Իսրայելը կարող է աշխատել Իրանի դեմ, հենց Ադրբեջանն է։ Հայտարարությունները պարզապես նրա համար են, որպեսզի Ադրբեջանը վտանգի չենթարկվի։ Բոլոր առումներով գործադրվում են համառ ջանքեր, որպեսզի Իրանին ներքաշեն լայնամասշտաբ գործողությունների մեջ՝ դրանով իսկ սահմանափակելով նրա ազդեցության տիրույթներն ու կարողությունները»,- եզրափակեց իրանագետը։  

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում