Տնտեսություն

Հայաստանում նախատեսում են ստեղծել տեղական արտադրանքի որակը ստուգելու լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսում են ստեղծել տեղական արտադրանքի որակը ստուգելու լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում պատրաստվում են իզոտոպային լաբորատորիա կառուցել՝ ազգային արտադրանքի որակը ստուգելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողներին այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա ձեռնպահ է մնացել Հայաստանում արտադրված կոնյակի ոչ անվտանգ լինելու մասին Ռուսաստանում հնչած վերջին հայտարարությունը մեկնաբանելուց՝ նշելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը դրա վերաբերյալ պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ստացել: Փոխարենը, նախարարը հայտարարել է, որ Եվրամիության ծրագրերից մեկի շրջանակում ներկայումս իրականացվում է «Armenian brandy» ապրանքանիշի կայացմանը միտված աշխատանք: 

Իսկ առհասարակ հայկական արտադրանքի որակը ստուգելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել իզոտոպային լաբորատորիա, որի ստեղծման ուղղությամբ, ըստ նախարարի, նախատեսվում է գործնական քայլեր ձեռնարկել 2025 թվականից: Լաբորատորիայի գործարկման ժամկետ Գևորգ Պապոյանը չնշեց, սակայն ընդգծեց, որ նախագծի չիրականացման դեպքում հայաստանցի արտադրողներին կտեղեկացնեն սեփական արտադրանքի որակը եվրոպական որևէ լաբորատորիայում ստուգելու պարտադիր պահանջի մասին: Այդպիսով, լաբորատոր եզրակացությունը հնարավորություն կտա փաստացի և հիմնավորված պատասխանել տվյալ արտադրանքի որակի վերաբերյալ հարցերին և հնարավոր դժգոհություններին:

«Մեր տնտեսական քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների որակի շարունակական աճը, որպեսզի կարողանանք դրանք վաճառել բոլոր երկրներում և գոնե որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում՝ ներկայացնենք միջազգային լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները»,- նշեց Գևորգ Պապոյանը: 

Նա հայտնեց, որ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի կոնյակագործներից որևէ  ահազանգ չի ստացել արտադրանքը Ռուսաստան արտահանելու հետ կապված խոչընդոտների վերաբերյալ: 

Նախարարը տեղեկացրեց նաև, որ 2024 թվականի պետական բյուջեով ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին գումար է հատկացվել ավելի քան 1 մլրդ դրամի լաբորատոր նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Ըստ նրա, համանման ծրագրեր իրականացվելու են նաև հաջորդ տարիներին: Միաժամանակ, ինչպես նշեց Գևորգ Պապոյանը, մասնավոր հատվածն է զարգացնում իր լաբորատոր կարողությունները:

Ի դեպ, նախարարն առանց կոնկրետ ապրանքանիշներ հստակեցնելու նշեց, որ Ռուսաստան արտահանված հայկական կոնյակները ներկայումս իզոտոպային ստուգման են ենթարկվում հենց այդ երկրում:

 

    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում