ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացված փաթեթն, ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ներառում է երեք ենթածրագիր:
«Առաջինը ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրն է: Մինչև 2023 թվականը նման ծրագիր եղել է: Այն ունեցել է երկու բաղադրիչ՝ կա՛մ սուբսիդավորվել են ձեռքբերված կենդանիների համար վճարված գումարների վարկային տոկոսները, կա՛մ էլ տնտեսվարողներին փոխհատուցվել է գնված կենդանիների արժեքի 23 և 27 տոկոսը: Այս ծրագիրը բովանդակային առումով լավ է աշխատել, բայց ծավալները գոհացուցիչ չեն եղել: Ծավալները մեծացնելու համար այս նախագծով առաջարկում ենք փոխհատուցման բաղադրիչն ավելացնել՝ հասցնելով մինչև 50 տոկոսի: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կներկրվեն համաշխարհային լավագույն ցեղատեսակների 10 հազար գլուխ տոհմային կենդանիներ, որոնց գենոֆոնդը կօգտագործվի տեղական ցեղերի մթերատվության բարձրացման նպատակով: Արդյունքում՝ ակնկալում ենք, որ տեղական ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով, կենդանի զանգվածը՝ 15 կգ-ով, իսկ այծերի կենդանի զանգվածը կավելանա մինչև 7 կիլոգրամով»,- ներկայացրեց նախարարը:
Ըստ Գևորգ Պապոյանի՝ ծրագրի ավարտին ներկրված կենդանիներից տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձրարժեք սերունդ: Գրեթե 25 տոկոսով կավելանա ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալը: Ակնկալվում է, որ տարեկան կստացվի շուրջ 3.5 մլրդ դրամի հավելյալ արտադրանք:
Ծրագրի իրականացման համար 2024-2028 թվականներին պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել մոտավորապես 1 մլրդ 951 մլն դրամ:
Նախարարի ներկայացմամբ՝ երկրորդը մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն է, որը պետք է իրականացվի Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Նա նշեց, որ Գեղարքունիքն անասնաբուծության առումով ամենամեծ ներուժ ունեցող մարզն է: Սյունիքի և Տավուշի դեպքում ավելի շատ կարևորվել է սոցիալական բաղադրիչը: Արագածոտնի մարզում կովերի սեզոնային ծինն ամենացայտունն է արտահայտված, բացի այդ, այստեղ կաթի արտադրության ծավալների սեզոնային կտրուկ փոփոխություններ են գրանցվել:
«Արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը և դրա հետ մեկտեղ կաթնատվության ապահովման ամբողջ գործընթացը: Մեկ կովի սերմնավորման միջին արժեքը, մեր հաշվարկներով, 15 հազար դրամ է: Այս ծրագրով կփոխհատուցենք արժեքի 70 տոկոսը, բայց, ոչ ավելին, քան 10 հազար դրամը: Սերմնավորման արդյունքում ակնկալում ենք, որ կովերի կաթնատվությունը տարեկան կավելանա մինչև 1100 կգ-ով՝ կազմելով 3600 կգ: Տարեկան կարտադրվի հավելյալ շուրջ 31 հազար տոննա կաթ, իսկ բտվող կենդանիների կենդանի զանգվածը կավելանա 30 կիլոգրամով: Ակնկալում ենք, որ հանրապետությունում կարտադրվի լրացուցիչ 1000 տոննա միս: Ծրագրի շնորհիվ լրացուցիչ կարտադրվի 8.2 մլրդ դրամի բարձրորակ կաթ և միս: Մոտ 220 մլն դրամ է անհրաժեշտ կովերի արհեստական սերմնավորման ծրագիրը իրականացնելու համար»,- նշեց նախարարը:
Երրորդը մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրն է, որի նպատակն է աջակցել բոլոր մարզերում մեղվանոցների ընդլայնմանը, նոր մեղվանոցների ձևավորմանը և արդյունավետ օգտագործել որոշ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները:
«Ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի մեկ մեղվաընտանիքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մինչև 50 տոկոսը, սակայն առավելագույնը 40 հազար դրամի չափով: Ակնկալվում է, որ ազգաբնակչությունը երկու տարվա ընթացքում ձեռք կբերի լրացուցիչ 10 հազար մեղվաընտանիք, իսկ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300 հազար կգ բարձրորակ մեղր: Այս ծրագրի իրականացման համար 2025-202626 թվականներին ակնկալվում է մոտավորապես 400 մլն դրամի հատկացում պետբյուջեից»,- նշեց նախարարը:
Ամփոփելով ծրագրերի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրանց իրականացման վերահսկողության հստակ ապահովումը՝ չարաշահումները բացառելու նպատակով: Նաև առաջարկեց ընդլայնել մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի աշխարհագրությունը՝ հնարավորության դեպքում այն իրականացնելով ոչ թե 4 մարզում, այլ հանրապետության ամբողջ տարածքում: Նախարար Պապոյանը խոստացավ այդ առումով լրացումներ կատարել ծրագրում՝ նշելով, որ այդ դեպքում կառաջանա նաև ֆինանսավորման ավելացում: