Վերլուծություն

ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարևոր քայլ է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին. քաղաքագետ

7 րոպեի ընթերցում

Հայկ Սուքիասյան
ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարևոր քայլ է Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ԵՄ խորհրդի որոշումը մեր պետության եվրաինտեգրման ճանապարհին կարևորագույն քայլն է, առավել ևս, որ Հայաստանը Եվրոպայի հետ մերձենալու բավականին մեծ փորձ ունի։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ԵՄ խորհրդի որոշմանը։   

«Այդ գործընթացին մեծապես նպաստել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում։ Դիտորդները ոչ միայն դիտարկում են իրականացնում մեր պետական սահմանի տարբեր հատվածներում, այլև կատարում են Հայաստանի ներքին կյանքին առնչվող դիտարկումներ՝ անդրադառնալով ժողովրդավարացման գործընթացներին։ Կարծում եմ, որ նաև նրանց զեկույցների հիման վրա է ԵՄ-ում ձևավորվում դրական կարծիք մեր երկրի մասին։ Դիտորդները նպաստել են, որպեսզի ԵՄ խորհուրդը մեզ հետ սկսի բանակցել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Չգիտեմ, թե երբ դա կդառնա իրականություն, բայց որ արագ ինտեգրման միտումներն առկա են, անվիճելի փաստ է»,- նշեց Սուքիասյանը։ 

Քաղաքագետի կարծիքով՝ վիզային ռեժիմի ազատականացումը մեր քաղաքացիներին կտա ազատ տեղաշարժվելու, ԵՄ երկրներ արագ և անխոչընդոտ այցելելու, եվրոպական մշակույթի հետ ավելի մոտիկից շփվելու հնարավորություն։ 

«Թեև մենք դաստիարակվել ենք հետխորհրդային իրողություններով, սակայն պետք է նաև մոտ լինենք եվրոպական մշակույթին։ Եթե շարունակենք Հայաստանի դեմոկրատացման գործընթացն ավելի արագ տեմպերով, ապա վստահ եմ, կհետևեն ավելի սերտ ինտեգրմանն ուղղված քայլեր։ Իսկ ներկայիս քայլերն ազդարարում են մեծ գործընթացի սկիզբը»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով անօրինական միգրացիայի և բարեփոխումների հնարավոր ձախողման հետ կապված ռիսկերին՝ Սուքիասյանն ընդգծեց, որ այդ ռիսկերը միանշանակ հաշվի առնվում են։ ԵՄ խորհուրդը կայացրել է վերոհիշյալ որոշումը, ինչը նշանակում է, որ կատարել են համապատասխան վերլուծություն և եկել նման եզրահանգման։ 

«Իհարկե, կա անօրինական միգրացիայի հետ կապված խնդիր, բայց դա վերաբերում է ամբողջ աշխարհին։ Մենք պետք է շահագրգռված լինենք, որպեսզի ազատականացումը տեղի ունենա հնարավորինս արագ։ ԵՄ-ն սերտորեն աշխատում է մեր իշխանությունների հետ, որպեսզի անօրինական միգրացիա տեղի չունենա։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ԵՄ-ն վիզային ռեժիմն արագ չի ազատականացնի՝ հաշվի առնելով Հայաստանում գործող ինստիտուտների չկայացվածությունը կամ կիսակայացվածությունը։ Եթե ունենայինք լիարժեք կազմակերպված, դեմոկրատական ինստիտուտներ, վստահ եմ, որ ազատականացումը տեղի կունենար մեկ տարվա ընթացքում։ Այժմ աշխարհում առկա է այնպիսի իրավիճակ, որ եթե նման գործընթացը  ժամանակին կարող էր տևել քառասուն տարի, ապա հիմա կարող է տևել երեք տարի։ Հատկապես մեր արդարադատության համակարգը դեռ ցանկալի բարձրության վրա չէ, ուստի մեզ հետ վիզաների ազատականացման կգնան աստիճանաբար։ Հուսով եմ, որ այդ ընթացքում եվրոպացիներից շատ բան կսովորենք, մեր դեմոկրատական ինստիտուտները կարգի կբերենք, որպեսզի վիզաների ազատականացումն արդեն վերածվի ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի»,- ասաց քաղաքագետը։     

Սուքիասյանի դիտարկմամբ՝ եթե բարեփոխումների գործընթացը ձախողվի, Հայաստանը պարզապես ապագա չի ունենա։ Նրա համոզմամբ՝ հարցը կապված չէ միայն մեր իշխանությունների հետ։ Ժողովրդի կողմից պետք է լինի համապատասխան ճնշում, որ իշխանությունները չտրվեն եվրոպական ուղուց շեղվելու ցանկացած գայթակղության։ 

«Հակառակ դեպքում պետություն չենք դառնա և կմնանք միայն ռուսական հետադեմ նախագծերի մեջ։ Եթե մենք դրական միտումներ չարձանագրեինք, վստահ եղեք, որ մեզ հետ նույնիսկ վիզաների ազատականացման գործընթաց սկսելու շուրջ չէին բանակցի։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գոնե ընտրությունների ինստիտուտը որոշակիորեն բարեփոխվել է և նախկիններին նման չէ։ Ընտրությունների կազմակերպման գործում միանշանակ արձանագրել ենք առաջընթաց, բայց մեծ խնդիր ունենք արդարադատության ոլորտում։ Ժողովուրդը դեռ չի վստահում դատարաններին։ Ինստիտուտները համարվում են կայացած, երբ ամբողջությամբ լեգիտիմ են և վայելում են ժողովրդի լիակատար վստահությունը։ Ժողովուրդը պետք է պահանջ ներկայացնի իշխանություններին, իսկ դատարանները մշտապես պետք է իրենց ծոծրակին զգան ժողովրդի շնչառությունը։ Դրական միտումներ, անշուշտ կան, բայց դրանք դանդաղ են»,- նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով հայաստանաբնակների կողմից ԵՄ-ում քաղաքական ապաստան հայցելու հնարավոր դեպքերի մասին՝ Սուքիասյանն ասաց, որ դա նույնպես հաճախակի պատահող երևույթ է։ Ըստ նրա՝ մեր պետության հավաքական ներուժը դեռ այնպիսին չէ, որ նրա մի հատվածն իր կյանքը կապի Հայաստանի հետ։  

«Մյուս կողմից մեր տարածաշրջանն անկայուն է, խաղաղություն դեռ չկա։ Այդ միտումները մարդկանց ստիպում են փնտրել ավելի կայուն երկրներ։ Խնդիրը միայն իշխանության հետ կապված չէ, այլ առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց ուղղակի արձագանքն է անհատների կողմից։ Բայց դրանում հատուկ ողբերգություն չկա։ Եթե վիզաների ազատականացումն իրականացվեր բավականին հեշտ, ոչ մի երաշխիք չէր լինի, որ զանգվածային արտագաղթի ականատես չէինք լինի։ Մենք այդ հարցում գործ ունենք բազմաթիվ խնդիրների կոմպլեքսի հետ, որը մեկ պատասխան չունի»,- նշեց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ վիզային ռեժիմի 100 տոկոսանոց ազատականացում չի լինի, քանի որ դեռ կլինեն որոշակի սահմանափակումներ, առավել ևս, որ Հայաստանը շարունակում է մնալ մոնիթորինգի ներքո, որտեղ իրականացվող բարեփոխումները վերահսկվում են։ Այդ պատճառով կլինեն նախ առաջնային քայլեր, ԵՄ-ն սկզբում կտրամադրի նվազագույն հնարավորություններ և կստուգի Հայաստանի՝ դեմոկրատական երկիր դառնալու ընթացքը։       

«Դռները մեր առջև ի սկզբանե լայն չեն բացվի։ Մենք, իհարկե, ուզում ենք գնալ Եվրոպա։ ԵՄ-ն արդեն իսկ շատ բան է արել մեզ համար։ Հենց միայն Եվրամիության դիտորդների ինստիտուտը Հայաստանում մեծ բան է, բայց մենք՝ որպես պետություն և հասարակություն, դեռևս լիարժեքորեն չենք ապահովել եվրոպական մշակույթի մակարդակը, հետևաբար գործընթացը կընթանա աստիճանաբար, մինչև հասնենք այդ մակարդակին»,- եզրափակեց քաղաքագետը։

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում