Վերլուծություն

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները նպաստել են Լիբանանում լարվածության որոշակի թուլացմանը. Շահան Գանտահարյան

6 րոպեի ընթերցում

Շահան Գանտահարյան
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները նպաստել են Լիբանանում լարվածության որոշակի թուլացմանը. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Դոհայում անցկացվող բանակցություններն իրենց դրական հետքն են թողել Լիբանանի հասարակության մոտ առկա հոգեբանական լարվածությունը թոթափելու առումով։ Նախօրեին մեկնարկած բանակցությունների ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:

Վերջինս հայտնեց, որ Լիբանանի հարավային հատվածում՝ Իսրայելի հետ սահմանային հատվածներում, որոշակի ընդհատումներով շարունակվում են ռազմական բախումները, սակայն ոչ այնքան թեժ, որքան որոշ ժամանակ առաջ էր։ 

«Օրինակ՝ նախօրեին ավելի սաստիկ էին բախումները, այսօր համեմատաբար մի քիչ ավելի հանգիստ է»,-իր խոսքում նշեց Գանտահարյանը։

Միջազգայնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ ավիաընկերություններ հաղորդել են, թե վերսկսելու են իրենց թռիչքները դեպի Լիբանան։ 

«Անշուշտ, սա ինչ-որ կերպ նաև նպաստում է հասարակության շրջանում տիրող լարված մթնոլորտի լիցքաթափմանը»,-նկատեց զրուցակիցը։ 

Նրա դիտարկմամբ՝ այժմ ամենաուշագրավ հանգամանքը Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում նախօրեին մեկնարկած բանակցություններն են՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, որովհետև բանակցությունները դեռևս չեն ավարտվել։

Շահան Գանտահարյանի բնութագրմամբ՝ այս համատեքստում կա շատ կարևոր երկու ցուցիչ. «Առաջինը՝ Միացյալ Նահանգների Սպիտակ տան հրապարակած հայտարարությունն է այն մասին, որ Իսրայելը պատերազմի առումով իր առջև դրված խնդիրները լուծել է, հաղթել է պատերազմը։ Սա առաջին հերթին Իսրայելի աջակցության, զորակցության կամ ռազմավարական գործընկերության դիրքերից արված հայտարարության տպավորություն է թողնում, սակայն կարծում եմ, որ բանակցությունների՝ դեռևս ընթացքի մեջ լինելու պարագայում Վաշինգտոնի կողմից արված նման հայտարարությունը փաստում է այն մասին, որ վերջինս ցանկանում է ասել՝ Իսրայելը պետք է համաձայնի հրադադար հաստատելուն։ Այսինքն, երբ նշում է, որ Թել Ավիվը լուծել է իր խնդիրները, հաղթել է պատերազմում և այլն, դա, ըստ էության, Իսրայելին ուղղված դիվանագիտական ուղերձ է հանդիսանում։

Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ քուվեյթյան լրատվամիջոցներից մեկը, որը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակների կանխատեսումներով, խոսել է այն երևույթի մասին, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման նոր ղեկավար Յահյա Ալ Սինվարը բանակցությունների ընթացքում ճկունություն է ցուցաբերում»,-ասաց զրուցակիցը՝ հիշեցնելով, որ բանակցությունները միջնորդավորված են ընթանում, և դրանց հիմնական միջնորդներն են Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսը։ 

Գանտահարյանի խոսքով՝ վերոնշյալ երկու ուշագրավ հանգամանքներն, ընդհանուր առմամբ, սկսել են դրական միտումի նախադրյալներ ցույց տալ։ 

«Այդուհանդերձ, ընդհանուր գնահատականի առումով այսքանը կարող եմ նշել, քանի որ դեռևս չգիտենք, թե ի՞նչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ այս ընթացքում։ Այն, որ դրական նախադրյալներ կան, ամեն դեպքում, դրանք տեսանելի են»,-ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ շեշտելով, որ օրինակ, երբ օտար ավիաընկերություններն, այդ թվում՝ ֆրանսիական Airfrance-ը հայտարարում է, որ պատրաստվում է վերականգնել թռիչքները դեպի Լիբանան, բնականաբար, ավիաընկերությունն իր պետությունից է ստանում նման պատվեր և բնական է, որ այդ պարագայում ֆրանսիական պետությունն ուրեմն ունի համապատասխան տեղեկություն անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

«Այս մի քանի հանգամանքները Լիբանանի հասարակության մոտ ստեղծում է, ընդհանուր առմամբ, ավելի լիցքաթափված և հանգստացած վիճակ, քան մի քանի օր առաջ էր»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը՝ հույս հայտնելով, որ այս միտումները կշարունակվեն։

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են Կաթարի մայրաքաղաք Դոհայում օգոստոսի 16-ին։ Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ 

Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ Խորհրդակցություններին Վաշինգտոնը ներկայացնում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան, Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամելը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում