Քաղաքականություն

Իրան-Իսրայել ենթադրյալ բախումն ու գերլարված իրավիճակն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Հարավային Կովկասի վրա. Գոռ Մարգարյան

8 րոպեի ընթերցում

Գոռ Մարգարյան
Իրան-Իսրայել ենթադրյալ բախումն ու գերլարված իրավիճակն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Հարավային Կովկասի վրա. Գոռ Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Իսրայել գերլարված հարաբերությունները և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը վերլուծելիս՝ հարկ է հաշվի առնել, որ Թեհրանը ևս հրաշալի գիտակցում է, որ Թել Ավիվի հետ բախման սցենարի դեպքում այդ ամենը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ նաև հենց հարևանությամբ գտնվող հարավկովկասյան տարածաշրջանի վրա՝ հանգեցնելով Իրանի համար բավականին լուրջ խնդիրների։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գեղարդ» հիմնադրամի և Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոռ Մարգարյանը՝ խոսելով այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրանի և Իսրայելի հնարավոր բախումը կամ ուղիղ առճակատումը Հարավային Կովկասի՝ մասնավորապես տարածաշրջանի երկրների վրա։ 

«Հարավային Կովկասի տարածաշրջանում, մեղմ ասած, բոլորը չեն, որ Հայաստանի նման դիրքորոշում և հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ․ հայ-իրանական հարաբերությունների պարագայում կարող ենք ասել, որ ամեն ինչ հասկանալի է, Վրաստանի պարագայում՝ ռիսկեր կարելի է ավելի քիչ կանխագուշակել կամ ընդհանրապես չենթադրել դրանց մասին։ Այլ հարց է, արդեն, Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում, հատկապես՝ հաշվի առնելով Իսրայելի հետ նրա ունեցած ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական և տնտեսական ու քաղաքական հարաբերությունների ակտիվացումը, աշխուժացումը», - նշեց Մարգարյանը՝ հիշեցնելով, որ Իսրայելն Ադրբեջանի համար դարձել է ռազմամթերք և ռազմական տեխնիկա մատակարարող առաջին երկիրն՝ այդ գործում առաջ անցնելով բոլորից և գերազանցելով նույնիսկ Թուրքիային։

Զրուցակցի դիտարկմամբ՝ իսրայելա-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները ոչ թե էմոցիոնալ, եղբայրական կամ այլ մակարդակի վրա են, այլ պրակտիկ, գործնական և միմյանց շահերի առաջմղման մակարդակի վրա են գտնվում։ 

«Հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Իրանի հետ հարաբերություններում որոշ հանգամանքները, Իրան-Իսրայել հարաբերությունների պարբերական սրացումները, երկու երկրների միջև (խմբ․ Իրանի և Իսրայելի) լարվածության տարբեր կետերի աշխուժացումը՝ Ադրբեջանի համար, մեղմ ասած, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ», - նկատեց Մարգարյանը՝ հավելելով, որ ոչ մեկ չի կարող բացառել, որ Իրանի հնարավոր թուլացման կամ պատերազմի մեջ ներգրավման դեպքում, ինչպես շատ հաճախ տեղի է ունենում այլ երկրներում, տեղի չեն ունենա ներքին դժգոհություններ ու ընդվզումներ։

Զրուցակցի տեսակետի համաձայն՝ ոչ ոք չի կարող նաև բացառել, որ Ադրբեջանը չի աշխուժացնի այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» իր թեզը, որը տասնամյակներ շարունակ վարել է Իրանի Ազարբայջան նահանգի յուրացման համար։

Բնորոշելով ադրբեջանական ժամանակակից քարոզչական քաղաքականությունը՝ Գոռ Մարգարյանը նշեց․ «Բաքվի ներկա քարոզչությունն իրենից ենթադրում է շուրջբոլորն ամեն ինչ հայտարարել Ադրբեջան՝ «հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան»։ Նման տեմպերով Ադրբեջանը, կարծում եմ, նույնիսկ «Իսլամական դրախտը»՝ ջաննաթը, հայտարարելու է որպես «Երկնային Ադրբեջան»։ 

Մարգարյանի կարծիքով՝ այս առումով ևս պետք է հաշվի առնել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ևս բավականին լուրջ ռիսկեր և հարցեր կարող են առաջանալ, և այս համատեքստում պատահական չի եղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ օրեր առաջ Իրան, այնուհետև Ադրբեջան կատարած այցը, ինչը հետաքրքիր քննարկումների առիթ ստեղծեց հենց Բաքվում։

«Ճիշտ է՝ ադրբեջանցի փորձագետներն այս համատեքստում շատ հստակ ինչ-որ դիրքորոշումներ կամ տեսակետներ չեն արտահայտում, այնուամենայնիվ, ակնարկում են, որ ամեն դեպքում երկրի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական այն գործիչը չէ, որ «բոլոր ձվերը մեկ զամբյուղում կդնի» և կանի այնպես, որ տուժի հենց ինքը։ Կարծում եմ, որ սա ևս պետք է հաշվի առնել», - ընդգծեց Գոռ Մարգարյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե Հարավային Կովկասի վրա ի՞նչ հավանական ազդեցություն կարող է ունենալ Իրանի և Իսրայելի միջև ուղիղ առճակատումը՝ զրուցակիցը նկատեց, որ տարածաշրջանային առումով Թեհրանի համար հնարավոր ռիսկեր են, օրինակ, Ադրբեջանի կողմից պանթյուրքական ընդհատակյա ակտիվացող գաղափարախոսությունը, Իրանի Ազարբայջան նահանգի հետ արհեստականորեն առաջ քաշված նույնության մտացածին գաղափարը և այլն։ 

«Հնարավոր ռիսկ է նաև մեկ այլ հարց՝ փախստականության խնդիրը, որը կարող է առաջանալ նման սցենարի զարգացման պարագայում։ Լարվածության պարագայում, գաղտնիք չէ, որ պատերազմող երկրների բնակիչների մի մասը՝ անվտանգային նկատառումներից ելնելով տարբեր տոկոսային հարաբերակցությամբ լքում է իր հայրենիքը», - ասաց Մարգարյանն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սա լրջագույն խնդիր կարող է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։

Նրա դիտարկմամբ՝ իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացման պարագայում և Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին կարող է գլուխ բարձրացնել նաև իսլամական գործոնն՝ իր տարբեր դրսևորումներով։

«Այստեղ չենք կարող հաշվի չառնել տարածաշրջանային նաև մեկ այլ խաղացողի ևս՝ Թուրքիային, որի պարագայում դժվար է ենթադրել, որ վերջինս ռազմական էսկալացիայի դեպքում, չասենք, Իրանի դաշնակցի, բայց գոնե վերջինիս նկատմամբ լոյալ կամ բարեկամական դիրքորոշում կցուցաբերի», - ասաց Մարգարյանը։

Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վերլուծություններ կատարելիս՝ Մարգարյանը շեշտեց, որ պետք չէ մոռանալ նաև Ռուսաստանի Դաշնության ունեցած դերակատարման և ազդեցության լծակների մասին։ Նա նաև հավելեց, որ Իրան-Իսրայել հնարավոր բախման դեպքում Ադրբեջանը, մեղմ ասած, կարող է հայտնվել ոչ նախանձելի կարգավիճակում, քանի որ մի կողմից կա «եղբայրական» Իրանի, իսկ մյուս կողմից էլ նրա լավագույն դաշնակցի՝ Իսրայելի գործոնը։ 

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարո՞ղ է արդյոք ենթադրելի լինել, որ Ադրբեջանն, օգտվելով Թեհրան-Թել Ավիվ առճակատումից, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կգնա ինչ-որ ոտնձգության, Գոռ Մարգարյանը նշեց․

«Իրականում, բավականին դժվար է կանխագուշակել կամ ենթադրել, թե նման սցենարի դեպքում Ադրբեջանն ի՞նչ գործողությունների կդիմի։ Եթե իրանական գործոնն այնքան ենք կարևորում, որ կարծենք, թե բացառապես Իրանով է պայմանավորված, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»՝ ռազմական ճանապարհով անցումն Ադրբեջանին, և հնարավոր ռազմական էսկալացիայի կամ Իրանի թուլացման դեպքում կարծում ենք, որ Ադրբեջանը կարող է նման քայլի գնալ, ապա ըստ իս՝ այդ սցենարը կարող է հավանական լինել այն դեպքում, եթե Իրանն ուղղակիորեն ջախջախված վիճակում լինի», - իր խոսքում նման կարծիք հայտնեց զրուցակիցը՝ եզրափակելով, որ Իրանը տնտեսապես, ռազմականապես բավականին ինքնաբավ ու լուրջ դերակատար է և իր կշիռն ունի տարածաշրջանային հարցերում։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում