Մերձավոր Արևելք

Պուտինը բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

Պուտինը բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո Օգարևոյում բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, իր մարդկանց պաշտպանի զենքը ձեռքին, բայց այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, անշուշտ, աննկատ չի մնում մեր կողմից», - ասել է Պուտինը` բացելով հանդիպումը։

Նա նշել է, որ Մոսկվայում մեծ ցավով ու տագնապով են հետևում Գազայի հատվածում ծավալված հումանիտար աղետին և ամեն բան անում են պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար։ Ռուսաստանը Պաղեստին է ուղարկել շուրջ 700 տոննա բեռ։

«Առաջին հերթին, իհարկե, մենք անհանգստանում ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար: ՄԱԿ-ի տվյալներով՝ դա արդեն 40 000 մարդ է, և դրանք հիմնականում կանայք ու երեխաներ են», - հավելել է ՌԴ նախագահը:

Ինչպես հայտնել են Կրեմլում, հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հարցեր և Մերձավոր Արևելքի իրադրությունը՝ պաղեստինաիսրայելական հակամարտության ներկայիս սրման ու Գազայի հատվածում աննախադեպ հումանիտար աղետի լույսի ներքո։

Աբասն իր հերթին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ մեկնում է Ռուսաստան՝ կարծիքներ փոխանակելու միջազգային վերջին իրադարձությունների շուրջ, համակարգելու դիրքորոշումները և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև քննարկելու պաղեստինյան կարգավորման խաղաղ գործընթացը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Աշխատանքի նախարարության ղեկավար Անտոն Կոտյակովը, Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Պաղեստինի ազգային վարչակազմում Ռուսաստանի ներկայացուցիչ Գոչա Բուաչիձեն։ Պաղեստինյան պատվիրակության կազմում են քաղաքացիական գործերի նախարար Հուսեյն ալ Շեյխը, ընդհանուր հետախուզության  ծառայության ղեկավար Մաջեդ Ֆերեջը, Մոսկվայում դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը և Պաղեստինի նախագահի դիվանագիտական ​​հարցերով խորհրդական Մաջդի Խալդին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում