Մերձավոր Արևելք

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել է հարձակման

2 րոպեի ընթերցում

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել է հարձակման

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում Կոնիկո գազի հանքավայրի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի ռազմակայանը ենթարկվել է հարձակման, բայց արկերը չեն խոցել բուն օբյեկտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Ավելի վաղ անվտանգության մարմիններում Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ Դեյր էզ Զորի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց արկ, որոնք բոլորն ընկել են օբյեկտի անմիջական մերձակայքում։ Նշվում է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարձակմանը պատասխանել է հրետանային կրակով։

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակումից հետո Դեյր էզ Զորի երկնքում ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացրել։ 

Պենտագոնը օգոստոսի 13-ին հայտնել է, որ անցյալ շաբաթ Սիրիայում ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամերիկացի 8 զինծառայող։

Ըստ ԱՄՆ-ի՝ Սիրիայում է գտնվում 900 ամերիկացի զինծառայող, իսկ հարևան Իրաքում՝ 2500, որոնք խորհրդատվություն և աջակցություն են տրամադրում տեղի ուժերին՝ կանխելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը։ ԻՊ-ն երկու երկրներում 2014 թվականին բավական մեծ տարածքներ էր գրավել, սակայն հետագայում դուրս էր մղվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում