ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի գլխավոր դատախազությունը ստորջրյա լողի ուկրաինացի հրահանգչի ձերբակալության հրաման է տվել. նրան կասկածում են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի պայթեցմանը մասնակցություն ունենալու մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Լեհաստանը կասկածյալի ձերբակալության հրաման է ստացել Բեռլինից, սակայն նա արդեն հեռացել է Լեհաստանից, քանի որ Գերմանիան նրա անունը չի ներառել հեռախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Լեհաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Աննա Ադամյակը Onet լրատվական հարթակին հայտնել է, որ կասկածյալը հուլիսի սկզբին Լեհաստանից մեկնել է Ուկրաինա:
Ըստ Süddeutsche Zeitung թերթի, ARD հեռուստաալիքի և Die Zeit թերթի համատեղ հետաքննության՝ խոսքը վերաբերում է Ուկրաինայի քաղաքացի, ստորջրյա լողի դպրոցի աշխատակից Վլադիմիր Ց.-ին: Վերջին ժամանակներս նա բնակվում էր Լեհաստանում։ Գերմանիայի դատախազությունը կասկածում է ստորջրյա լողի ևս երկու ուկրաինացի հրահանգիչների՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ, 2022 թվականին «Հյուսիսային հոսքերի» դեմ դիվերսիային մասնակցություն ունենալու մեջ։ Ենթադրվում է, որ բոլոր երեքն էլ կարող էին լինել «Անդրոմեդա» առագաստային զբոսանավի անձնակազմում, որը գտնվում է գերմանական հետաքննության ուշադրության կենտրոնում:
Ըստ հետաքննությունն անցկացրած երեք լրատվամիջոցների՝ մյուս երկու կասկածյալների ձերբակալման հրահանգ տրված չէ։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից 7 ամիս անց պայթյունները շարքից հանել են «Հյուսիսային հոսքերի» չորս խողովակաշարերից երեքը։ Ռուսաստանն այդ պայթյունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, Բրիտանիային և Ուկրաինային, որոնք հերքել են իրենց առնչությունը դրանց։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան հետաքննություն են սկսել, իսկ Շվեդիան պայթուցիկի հետքեր է հայտնաբերել պայթյունի վայրում, ինչն ապացուցում է, որ դա եղել է կանխամտածված գործողություն։ 2024 թ. փետրվարին Դանիան և Շվեդիան փակել են գործը՝ առանց որևէ կասկածյալի գտնելու։