ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրաժարվել է ընդունել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին, որը Մեխիկոյում է գտնվելու ձեռնարկատերերի հետ հանդիպելու և Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Ո՛չ, որովհետև ես համաձայն չեմ նրա մտածելակերպի ու կենսակերպի հետ», - ամենօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է Լոպես Օբրադորը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք նա մտադիր է ընդունել Միլեյին:
«Սակայն նա (Միլեյը) ազատ է (իր գործողություններում): Եվ Մեքսիկայի կառավարությունը մի բան է, իսկ Մեքսիկայի ժողովուրդը` մեկ այլ բան: Մեր ժողովուրդը միշտ շատ հյուրընկալ է եղել», - հավելել է նախագահը:
Ինչպես հայտնել է Արգենտինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադոռնին, Միլեյը Մեքսիկայում կգտնվի օգոստոսի 23-ից մինչև 24-ը։
Արգենտինայի ղեկավարը քանիցս քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից արտասահման կատարած իր հաճախակի ուղևորությունների համար, որոնց մեծ մասը պետական այցեր չեն եղել։ Ընդհանուր առմամբ, Միլեյն աշխատանքի ութ ամսվա ընթացքում կատարել է տասներեք արտասահմանյան ուղևորություն։ Նախագահը, որն իրեն ներկայացնում է որպես ազատատենչ և անարխո-կապիտալիստ, բազմիցս Արգենտինայի առաջնահերթ գործընկերներ է համարել Արևմուտքի երկրներին, հատկապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին: