Քաղաքականություն

Մոսկվան ու Բաքուն որոշակի հարցերում ունեն շահերի համընկնում և փորձում են առաջ մղել այդ շահերը․ ադրբեջանագետի վերլուծությունը

7 րոպեի ընթերցում

Տաթև Հայրապետյան
Մոսկվան ու Բաքուն որոշակի հարցերում ունեն շահերի համընկնում և փորձում են առաջ մղել այդ շահերը․ ադրբեջանագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից առաջ ռուսական կողմից արդեն իսկ նշվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների առանցքային հարցերից մեկն առնչվելու էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ուստի երկօրյա այցի ընթացքում ՌԴ-ից հնչող հայտարարությունները փաստում են, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման և Սյունիքով անցնող հնարավոր ճանապարհի հարցը գտնվում էին քննարկումների կիզակետում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցին։ 

«Եթե ասվածին հավելենք, որ նախորդիվ Ադրբեջանից հայտարարել էին, թե խաղաղության պայմանագրի քննարկումներից դուրս են թողել ճանապարհների ապաշրջափակման թեման, ապա նշանակում է, որ այդ հարցը տեղափոխվել է այլ տիրույթ, և տվյալ դեպքում  երևում էր, որ Պուտին-Ալիև հանդիպման քննարկումների առանացքային հարցերից մեկը հենց դրան էր վերաբերվում և դրանով էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Պուտինը շեշտեց, թե հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու է այցի արդյունքների և քննարկումների մասին»,- ասաց Հայրապետյանը։

Ելնելով ադրբեջանական քարոզչադաշտի ու պետական լրատվամիջոցների հրապարակումներից ու այցի լուսաբանման ընթացքում հնչած հայտարարություններից՝ ադրբեջանագետը նշեց, թե կարևորագույն ուղերձն այն էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին թույլ չի տա տարածաշրջանում այլ պետությունների դերակատարություն, և ամբողջ ընթացքում քարոզչության հիմքում նշվում էր հնարովի այն միտքը, թե Հայաստանում ամերիկյան կողմը կառուցում է ռազմաբազա՝ փորձելով այդ հանգամանքը դարձնել ակտիվ քննարկումների առարկա։

«Ադրբեջանը տարածաշրջանում փորձում է դիրքավորվել որպես մի պետություն, որը թույլ չի տալիս այլ երկրների ներգրավվածություն հարավկովկասյան գործընթացներում և որպես մի պետություն, որի հետ Ռուսաստանը երբեք չի ունենա որևէ խնդիր։ Բնականաբար, Ադրբեջանի համար շարունակում է կարևոր ու արդիական մնալ Սյունիքով անցնող ճանապարհի թեման։ Նրանք այդ հարցի նպաստավոր լուծումն իրենց համար չեն գտել, ուստի հարցը տեղափոխել են այլ տիրույթ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայրապետյանի դիտարկմամբ՝ ռուսական կողմը շատ է խոսում Հյուսիս-Հարավ միջանցքի մասին, որը կապում է Հնդկաստանին և Իրանին, մինչդեռ Ադրբեջանը հիմնականում շեշտադրում է անում Սյունիքով անցնող ճանապարհի վրա։ Ադրբեջանական կողմը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ, որը դեմ է գնում տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Իսկ իրականում Հայաստանն արդեն հնչեցրել է իր առաջարկները «Խաղաղության խաչմերուկի» տեսքով, և Ադրբեջանն այդ առաջարկները չի ընդունում, ուստի փորձում է ամբողջը ներկայացնել այլ լույսի ներքո։ 

«Պաշտոնական Բաքվի մյուս գլխավոր նպատակն այն է, որպեսզի նսեմացնի հայկական կողմին՝ պնդելով, թե վերջինս մերժում է բանակցությունների մոսկովյան հարթակը, մինչդեռ Ադրբեջանը պատրաստակամ է հանդիպել հայկական կողմի հետ Մոսկվայի հովանու ներքո։ Այդ կերպ ադրբեջանցիները պարզապես փորձում են հաճոյանալ Մոսկվային, որը գնալով նրանց զիջում է իր լծակները։ Արդարության համար նշեմ, որ Մոսկվան մյուս կողմից էլ առաջարկել է Լեռնային Ղարաբաղում բացել գլխավոր հյուպատոսություն, ինչը ադրբեջանական կողմում ընդունվել է բացասաբար։ Բաքվում նշում են, որ դա վտանգավոր սցենար է, ինչը պետք է ամեն գնով թույլ չտալ։ Փաստն այն է, որ նույն ղարաբաղյան հարցում ակնհայտ գործարքի միջոցով ադրբեջանական կողմը հասավ ոչ միայն հայերի բռնի տեղահանմանը, այլև ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրս գալուն, մինչդեռ նախապես Մոսկվայից հնչում էին հայտարարություններ, որ նման հարց մինչև 2025 թվականը չէր քննարկվելու»,- նշեց ադրբեջանագետը։

Հայրապետյանի պնդմամբ՝ Ադրբեջանի վրա ազդելու լծակներ կան ոչ միայն ՌԴ-ի, այլև տարբեր ուժային կենտրոնների ձեռքերում, ուղղակի այլ բան է, թե որքանով են նրանք նպատակահարմար գտնում այդ լծակների կիրառումը։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դեռ ոչ մի ուժային կենտրոն չի փորձել արդյունավետորեն ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին, և, ցավոք, հայտարարություններից զատ՝ նրանք այլ քայլերի չեն գնում, ուստի այդ պատճառով էլ Արևմուտքի մասին պաշտոնական Բաքուն խոսում է հեգնական տոնով՝ նրան մեղադրելով անսկզբունքային քաղաքականություն վարելու մեջ։ Հայրապետյանի պնդմամբ՝ նույնը կարելի է վերագրել Մոսկվային, որը նախկինում բոլորովին այլ բան էր խոսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, մինչդեռ արդյունքում ականատես եղանք միանգամայն ուրիշ իրավիճակի։    

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հեռանկարին, ինչպես նաև երկու այդ փաստաթղթերի համադրությանը՝ ադրբեջանագետն ընդգծեց, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պատերազմով ձևավորված իրողությունների ամրագրում է, ինչն ամենամեծ խնդիրն է, քանի որ այդկերպ ձևավորված իրողությունների ամրագրումն իրականում խաղաղության հետ ոչ մի կապ չունի։

«Խաղաղություն կլիներ, եթե Ադրբեջանը գնար խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղում ապրեին հայեր։ Մինչդեռ մեր հայրենակիցներին այնտեղից բռնի տեղահանել են և նրանց մասին ոչ մի խոսք չկա վերոհիշյալ պայմանագրում։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապա այդ համաձայնագիրն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու այնտեղ հայերի ապրելու մասին էր։ Այս փուլում ձևավորվել է արդեն այլ իրավիճակ, ուստի հնարավոր չէ անընդհատ հղում անել համաձայնագրի մեկ կետին ու մոռանալ, որ մնացած բոլոր կետերը Մոսկվան ու Բաքուն խախտել են և այժմ ստիպում են Երևանին կատարել կետերից մեկով ստանձնած պարտավորությունները»,- ասաց Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ անկախ բանակցային հարթակներից, հայկական կողմում բացակայում  է հստակ օրակարգը, իսկ Ադրբեջանն իր հերթին ուժով հարց է լուծում։ Բանակցությունները կլինեն արևմտյան, թե ռուսական hարթակներում, դրանից իրողությունը չի փոխվում։ Բնականաբար, այսօր Մոսկվան ու Բաքուն որոշակի հարցերում ունեն շահերի համընկնում և փորձում են առաջ մղել այդ շահերը։      

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։ Պուտինը վերջին անգամ Ադրբեջան այցելել էր 2018 թվականին միջկառավարական հանձնաժողովի շրջանակում։   

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում