Վերլուծություն

Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կարևոր քայլ է տարածաշրջանային ճահճից դեպի Եվրամիություն

6 րոպեի ընթերցում

Դավիթ Ստեփանյան
Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կարևոր քայլ է տարածաշրջանային ճահճից դեպի Եվրամիություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու ԵՄ խորհրդի որոշումը միանշանակ դրական քայլ է կոնկրետ Հայաստանի համար, և մեր իշխանությունները պետք է իրականացնեն այն աշխատանքները, որոնք թույլ կտան ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ հիմք ստեղծելով, որ այդ գործընթացն ավարտվի հնարավորինս շուտ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն՝ անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշմանը։   

«Արդյունքում, մենք կունենանք դյուրացված վիզային ռեժիմ ԵՄ երկրների հետ։ Այդ քայլը ես առաջին հերքին դիտարկում եմ քաղաքական տեսանկյունից։ Մենք կանենք ևս մեկ քայլ, ինչը թույլ կտա մեզ ավելի մոտենալ Եվրոպային։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանը լի է վտանգներով ու մարտահրավերներով` ընդհուպ մինչև Հայաստանի ինքնիշխանության կորուստը, ապա վերոհիշյալ որոշման պարագայում կատարվում է քայլ՝ տարածաշրջանային ճահճից դեպի Եվրամիություն, ինչը մեզ թույլ կտա ունենալ ավելի լայն կամուրջներ։ Մեր քաղաքացիներն իրենց հերթին կունենան ԵՄ երկրներ գնալու, այնտեղ ուսանելու ավելի շատ հնարավորություններ»,- ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ դա մեզ համար, ընդհանուր առմամբ, մակարդակի խնդիր է, քանի որ Հայաստանի, երկրի կրթական մակարդակն ավելի կբարձրանա, ինչը շատ կարևոր գործոն է։ Ըստ նրա՝ վերոնշյալ որոշումը կունենա դրական ազդեցություն նաև տնտեսական առումով։ Բիզնես կապերը նույնպես ավելի կհեշտանան, փոքր բիզնես ունեցող մարդու համար ավելի դյուրին կլինի Հայաստանից Եվրոպա մեկնելն ու փորձի փոխանակում իրականացնելը։     

«Այդ գործընթացում, միանշանակ, հաշվի են առնվում նաև անօրինական միգրացիայի և բարեփոխումների ձախողման հետ կապված ռիսկերը։ Պետք է հիշել, որ թիվ մեկ երկիրը, որը խստորեն է վերաբերում վիզաների ազատականացման հարցին, մեր բարեկամ Ֆրանսիան է՝ հաշվի առնելով հենց անօրինական միգրացիայի հետ կապված ցավոտ խնդիրը։ Բոլորը հասկանում են, որ Հայաստանից պոտենցիալ բազմաթիվ անօրինական միգրանտներ կմեկնեն Ֆրանսիա՝ այնտեղ բնակություն հաստատելու նպատակով։ Բարեբախտաբար, մենք ունենք ռեադմիսիոն համաձայնագրեր ԵՄ տարբեր երկրների հետ, և վիզաների ազատականացումից հետո անօրինական միգրանտներին ավելի դժվար կլինի այնտեղ մնալ, քան հիմա, որովհետև, միանշանակ, լինելու են խստացումներ։ Դա տեսնում ենք Վրաստանի օրինակով։ Այնտեղ էլ վիզաների ազատականացումից հետո այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ խախտեցին միգրացիոն օրենքները, բայց հետագայում տեսանք, թե որքան շատ մարդ հետ գնաց Վրաստան։ Այսօր էլ շատերը զրկված են Եվրոպա մեկնելու իրավունքից»,-նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ձախողման հետ կապված ռիսկերին, Ստեփանյանն ընդգծեց, որ «գնդակը» մեր իշխանությունների դաշտում է, նրանք պետք է շարունակեն բարեփոխումների գործընթացը՝ կատարելով օրենսդրական փոփոխություններ։

«Ժողովրդի մոտ նույնպես ցանկությունը մեծ է։ Եթե  իշխանություններն այդ ամենին տան այն ձևը, որն ակնկալվում է ԵՄ-ում, կարծում եմ, որ ռիսկերը կչեզոքացվեն։ Այդուհանդերձ, այս պահին ռիսկերը դեռ պահպանվում են»,- ասաց Ստեփանյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու խնդիրն էլ այսօր կորցրել է իր այժմեականությունը, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մարդիկ կարիք չունեն դիմել քաղաքական ապաստանի համար։ 

«Նախկին տարիներին այդպիսի հիմքեր կային, քանի որ շատերը մեր երկրում ենթարկվել են քաղաքական հետապնդումների։ Ոմանք դիմում և ստանում էին ապաստան։ Հիմա իրավիճակն այլ է, և մեր երկրում քաղաքական հետապնդում չի իրականացվում։ Դա փաստ է։ Մենք կարող ենք գործող իշխանությանը քննադատել կամ չսիրել, բայց այն, որ 2018 թվականից հետո այդպիսի երևույթներ ՀՀ-ում չկան, միանշանակ, ակնհայտ է և ողջունվում է ԵՄ-ի կողմից»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրավակարգավորումները որոշակի սահմանափակումներ կպարունակեն վիզաների ազատականացումից հետո՝ Ստեփանյանը նշեց, որ դա կախված է մեր քաղաքացիների պահվածքից ու վարքից։ 

«Եթե լինեն մասսայական խախտումներ, եթե ազատականացված ռեժիմը մարդիկ պահպանեն բարեխղճորեն, ապա խնդիրներ չեն առաջանա, իսկ եթե վարվենք վրացիների նման, ապա կլինեն սահմանափակումներ, որոնք, ի դեպ, այս պահին ևս գործում են Վրաստանի պարագայում։ Ես գիտեմ դեպքեր, երբ Վրաստանից մեր երկիր ժամանած որոշ քաղաքացիներին թույլ չեն տվել նստել օդանավ և մեկնել Վիեննա, չնայած նրանք գնում էին որպես տարանցիկ ուղևորներ։ Այնպես, որ ամեն ինչ կախված է մեզանից»,- եզրափակեց քաղաքագետը։      

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում