Տնտեսություն

Տնտեսական տատանումները չեն հանգեցնի Հայաստանի տնտեսության հետընթացի. Եվրասիական փորձագիտական ակումբ

17 րոպեի ընթերցում

Տնտեսական տատանումները չեն հանգեցնի Հայաստանի տնտեսության հետընթացի. Եվրասիական փորձագիտական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության գոյության տասնամյակի և տարածաշրջանային այդ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության տարում Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրել է իր ավանդական, տասներորդ կիսամյակային տնտեսագիտական հետազոտությունը՝ անվանի տնտեսագետներ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի և դոցենտ Աղասի Թավադյանի խմբերի ուժերով: Նկատի ունենալով, որ Հայաստանի մեդիա տարածքը, ձևավորված ավանդույթի ուժով ընդգծված հետաքրքրություն է դրսևորում Հայաստանի տնտեսական իրավիճակի հարցերում, քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը ընթերցողին է ներկայացնում տնտեսագետների վերլուծությունները՝ իր քաղաքատնտեսական վերլուծությունների և կանխատեսումների հետ միասին: 

Հայաստանի տնտեսական աճը և դրա աղբյուրները

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024թ. առաջին վեց ամիսների արդյունքով տնտեսական ակտիվությունն աճել է 9,6%-ով: Նույն ժամանակահատվածում աճի առաջատարներն են եղել առևտրաշրջանառությունը՝ 22,9%, շինարարությունը՝ 18,2%, արդյունաբերությունը՝ 18,2%, ծառայությունները՝ 4,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5%, գյուղատնտեսությունը՝ 4%:

Արդյունաբերական աճի տեմպերը տարվա կեսին դանդաղել են և դա բացատրվում է ոսկերչության ոլորտում արձանագրված տեմպերի դանդաղմամբ: Առաջ անցնելով կարելի է ասել, որ Հայաստանի միջոցով ռուսական ոսկու վերաարտահանման հոսքի դադարեցումը կազդի այս ոլորտի աճի տեմպերի վրա: Առաջին կիսամյակում արդյունաբերության և առևտրի աճին շարունակել է նպաստել թանկարժեք մետաղների և ոսկյա իրերի վերամշակման և դրանցով արտաքին առևտրի աճը և ծառայությունների դինամիկան, ֆինանսական գործունեության ծավալի աճով: Բայց նույնիսկ արդյունաբերական աճի ավելի չափավոր տեմպերով Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում՝ ՀՆԱ-ի և արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշներով: 

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ տպավորիչ տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությամբ, ինչի մասին վկայում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական ակնարկը 2024թ. օգոստոսին: Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 10,4%, Բելառուսում՝ 5%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 8,1%, Ռուսաստանում՝ 4,7%, Տաջիկստանում՝ 8,8%: 

Միևնույն ժամանակ, իրական արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը 2024թ. հունվար-հունիսին 2023թ. առաջին կիսամյակի համեմատ Հայաստանում կազմել են 18,2%, Բելառուսում՝ 7,1%, Ղազախստանում՝ 2,8%, Ղրղզստանում՝ 1%, Ռուսաստանում՝ 4,4%, Տաջիկստանում՝ 11,5%: 

Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 0,8%: Բելառուսում այդ ցուցանիշը կազմել է 5,8%, Ղազախստանում՝ 8,4%, Ղրղզստանում՝ 4,5%, Ռուսաստանում՝ 8,6%, Տաջիկստանում՝ 3,5%:

Հայաստանի արտաքին առևտրի ծավալները շարունակում են աճել. արտահանման առաքումներն աճել են 2,3 անգամ թանկարժեք մետաղների և ոսկու արտադրանքի արտադրության և արտահանման աճի ֆոնին: Ապրանքների արտահանման կառուցվածքում 71% զբաղեցրել են թանկարժեք քարերը և մետաղները: Հունվար-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով այդ աճը եղել է 8,1 անգամ: Սա է հանքային արտադրանքի մատակարարման հետ մեկտեղ ապահովել արտահանման ողջ դրական դինամիկան: 

Պատրաստի ապրանքների և ծառայությունների արտահանման աշխարհագրությունում գերակշռում են ԵԱՏՄ երկրները, որոնց ծավալներն ու տեսականին շարունակում են աճել: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2024թ. առաջին կիսամյակում Հայաստանից 10000 տոննայով ավելի միրգ և բանջարեղեն է արտահանվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վեց ամիսների ընթացքում մեր երկրից արտահանվել է շուրջ 62000 տոննա թարմ բանջարեղեն և միրգ: Այդ ժամանակահատվածում արտահանվել է 20000 տոննա ծիրան, ինչը 1000 տոննայով ավելի է, քան անցած տարվա առաջին կիսամյակում: Արձանագրվել է նաև խնձորի արտահանման զգալի աճ՝ 11,5 հազար տոննա 3,0 հազար տոննայի նախորդ ցուցանիշի դիմաց: Միաժամանակ լոլիկի արտահանումը 14,000 տոննայից այս տարի նվազել է մինչև 6,1 հազար տոննայի: Սա բացատրվում է նրանով, որ ջերմոցային տնտեսությունները հարմարվում են շուկայի փոփոխվող պահանջներին: Այսպես, ծաղիկների արտահանումը մի քանի անգամ ավելացել է. որոշ ջերմոցային տնտեսություններ վերափոխվում են պտղաբուծական տնտեսությունը փոխելով ծաղկաբուծության և հակառակը: 

Հայաստանի տնտեսական աճին էապես նպաստում են նաև ԵԱՏՄ ֆինանսական կառույցները: Օրինակ՝ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանում արձանագրել է շուրջ 26 գործարք, որոնք ապահովել են 527 մլն դոլարի սուվերեն ֆինանսավորման ծավալ: Հայաստանի համար այս տարվա համար հաստատված ֆինանսավորման ծավալը 178,1 մլն դոլարով գերազանցել է 2023թ. ծավալը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին տրամադրել է 251,4 մլն. դոլար, Համաշխարհային բանկը հատկացրել է 140 մլն դոլար, իսկ Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը արդեն հաստատել է 100 մլն դոլար: Դրանցում գերակշռում է տրանսպորտի և պետական կառավարման ոլորտում նախագծերը: Ասիական զարգացման բանկը Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման աշխատանքների մեկնարկի շրջանակում հաստատել է մեր երկրին տեխնիկական աջակցության ծրագիրը: Նույն տարվա առաջին կիսամյակում այդ բանկը մշակել է Հայաստանի հետ 2024-2028թթ. գործընկերության ռազմավարական նախագիծը, որտեղ հիմնական առաջնահերթությունները ներառում են մրցունակությամբ խթանված կայուն աճ, ավելի ուժեղ մասնավոր հատված և մարդկային կապիտալի զարգացում: 

Արտահանումը և ներկրումը Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերում

Կառուցվածքային փոփոխություններ կան, որոնք մեծապես պայմանավորված են ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական գործոններով: Այս փոփոխությունների հիմնական ասպեկտները դարձան վերաարտահանման ծավալների, հատկապես՝ ոսկու, էական աճը և արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի փոխակերպումը: 

2024թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտահանման ծավալը հասել է 13,1 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 89,7%-ով ավելի է 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արտահանումը կազմում էր 6,9 մլրդ դոլար: Սակայն կարևոր է նշել, որ այս աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է վերաարտահանման ծավալների ավելացմամբ, հատկապես՝ ոսկու և թանկարժեք մետաղների: Առանց թանկարժեք մետաղների և քարերի արտահանման ծավալը կազմում է 4,9 մլրդ դոլար, ինչը մատնանշում է էական 10,9% նվազում 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երբ այդ ցուցանիշը կազմում էր 5,53 մլրդ դոլար: Ըստ դոցենտ Ա.Թավադյանի սա վկայում է այն մասին, որ ոսկու վերաարտահանման աճը քողարկում է այլ ապրանքների արտահանման նվազումը և տնտեսության իրական հատվածի հնարավոր բացասական զարգացումը: 

Հայաստանի արտահանման կառուցվածքը էական փոփոխությունների է ենթարկվել: Թանկարժեք քարերն ու մետաղները կազմել են արտահանման ողջ ծավալի 62,4%: Տեքստիլն ու կոշկեղենը ցույց են տվել 42,7% աճ, իսկ հանքաքարերի և խտանյութի արտահանումն ավելացել է 18,5%: Սակայն նկատվում է արտահանման նվազում ավանդական կատեգորիաներում. մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կրճատվել է 2,3 անգամ, տրանսպորտային միջոցների և սարքավորումների՝ 12,4%-ով, գյուղատնտեսական արտադրանքի՝ 17%, ծխախոտի՝ 6,1%, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների՝ 1,0% և քիմիկատների՝ 31,0%: Տնտեսության հիմնական ոլորտներում այս նվազումը առաջացրել է փորձագետների մտահոգությունը Հայաստանի տնտեսական աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից: 

Արտահանման աշխարհագրական կառուցվածքը նույնպես էական փոփոխությունների է ենթարկվել: Մերձավոր Արևելքի երկրները, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, դարձել են արտահանման հիմնական ուղղությունը: Արտահանումը դեպի այս տարածաշրջան աճել է 497% և հասել է 3,82 մլրդ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր արտահանման 48,2%: Դեպի «Մեծ Չինաստան» (ներառյալ Հոնկոնգը) արտահանումն ավելացել է 622%՝ հասնելով 2,04 մլրդ դոլարի: Սա ընդհանուր արտահանման 25,7%-ն է: Միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1,5 մլրդ դոլար, ինչը 19,7% պակաս է, քան 2023թ. նույն ժամանակահատվածում: 

ԵԱՏՄ-ի մասնաբաժինն ընդհանուր արտահանման ծավալում նվազել է մինչև 18,9%: Եվրոպական Միություն արտահանումը կրճատվել է 25,1%-ով և կազմել ընդամենը 282 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման ծավալի 3,6%-ը: Արտահանման աշխարհագրական կառուցվածքի այս փոփոխություններն արտացոլում են ինչպես նոր տնտեսական իրողությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրային գործունեության վրա:

2024թ. առաջին կիսամյակում նկատվել է Հայաստանի ներմուծման ծավալների զգալի աճ: Այս ժամանակահատվածում ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 10,48 մլրդ ԱՄՆ դոլարի, ինչը 86,5% ավելի է, քան 2023թ. նույն ժամանակահատվածում (5,62 մլրդ դոլար): Ներմուծման այս կտրուկ աճը նույնպես պայմանավորված է ոսկու և այլ թանկարժեք մետաղների ներմուծման ավելացմամբ Ռուսաստանից: Ոսկու և թանկարժեք մետաղների ներմուծումը ավելացել է 4,83 անգամ: 

Ռուսաստանը Հայաստան գլխավոր արտահանողն է: ԵԱՏՄ մասնաբաժինը ընդհանուր ներմուծման ծավալում աճել է մինչև 66,8% (7,0 մլրդ դոլար): Սա 367%-ով ավելի է, քան 2023թ. նույն ժամանակահատվածում: Ռուսաստանից ներմուծումը կազմել է 6,96 մլրդ դոլար: Սա ԵԱՏՄ-ից ամբողջ ներմուծման 99,4%-ն է: Միևնույն ժամանակ, Եվրոպական Միությունից ներմուծումը նվազել է 24,4%-ով և կազմել 742 մլն դոլար: Սա ընդհանուր ներմուծման ծավալի 7,08%-ն է: Չինաստանից ներմուծումը նվազել է 11,7%-ով: Սա ընդհանուր ներմուծման ծավալի 6,62%-ն է: Մերձավոր Արևելքի երկրներից ներմուծումը ցույց է տվել աննշան աճ՝ 6,8%-ով, հասնելով 535 մլն դոլարի: Սա ընդհանուր ներմուծման ծավալի 5,11%-ն է: 

Վերաարտահանումը դարձել է հիմնական գործոն, որն ազդում է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա 2024թ. առաջին կիսամյակում: Ոսկին դարձել է վերաարտահանման հիմնական ապրանքը: Վերաարտահանման համար ոսկու հիմնական աղբյուրը Ռուսաստանն է: 2024թ. առաջին եռամսյակում ամբողջ ռուսական ոսկու արտահանման մոտ 88%-ն անցնում է Հայաստանի միջով: 2024թ. առաջին եռամսյակում  9,2%-ով ՀՆԱ-ի աճը մեծապես պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական աճը հաշվետու ժամանակահատվածում մեծապես կախված է եղել ժամանակավոր և պոտենցիալ անկայուն գործոններից: 

ԵԱՏՄ անդամակցության համատեքստում Ռուսաստանի հետ առևտուրն առանցքային դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 1,41 մլրդ դոլար: Սա 21,1%-ով պակաս է, քան 2023թ. նույն ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ներմուծումն աճել է 383%-ով և հասել 6,96 մլրդ դոլարի: Բելառուս արտահանումն աճել է 14,8%-ով և կազմել 52,3 մլն դոլար: Ղազախստան արտահանումն ավելացել է 9,8%-ով և հասել 27,0 մլն դոլարի: Բելառուսից ներմուծումը նվազել է 34,5%-ով, կազմելով 33,1 մլն դոլար: Ղազախստանից ներմուծումն աճել է 13,0%-ով և կազմել 10,09 մլն դոլար: 

Դոցենտ Ա.Թավադյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը 2024թ. առաջին կիսամյակում ցուցաբերել է նշանակալի աճ, որը մեծապես պայմանավորված է վերաարտահանման ծավալների, հատկապես ոսկու մասնաբաժնի ավելացմամբ: Սակայն այս աճն ուղեկցվում է էական կառուցվածքային փոփոխություններով և ռիսկերով: 

Կարևոր կանխատեսումներ 2024թ. համար

Պրոֆեսոր Թ.Մանասերյանը վերլուծել է Հայաստանի տնտեսական ակտիվության առկա կանխատեսումները: Հայաստանի պետական բյուջեում նախատեսված է 7% աճ: ՀՀ Կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարվա համար տնտեսական աճը կկազմի 6,1-6,8% սահմաններում: Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024թ. 7,5%, իսկ 2025թ.՝ 4,2%: Համաշխարհային բանկը ակնկալում է, որ 2024թ. մեր երկրի տնտեսությունը կաճի 5,5%-ով, իսկ 2025թ.՝ 4,9%-ով: ԱՄՀ-ն 2024թ. համար Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 6%-ով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում կանխատեսում է 6,2% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝4,8%: Ասիական զարգացման բանկը կանխատեսում է 2024թ. համար 5,7% աճ, իսկ 2025թ. համար՝ 6%: Միջազգային վարկանիշային հաստատությունները Հայաստանի համար կանխատեսում են 4,5-6% տնտեսական աճ: ՄԱԿ-ը ակնկալում է, որ 2024թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2%, իսկ 2025թ.՝ 4,8%-ով: 

Պրոֆեսոր Թ.Մանասերյանը վերջին տարիների աճի դինամիկայի մանրակրկիտ վերլուծության արդյունքում կանխատեսում է 2024թ. համար 8,5% և ավելի տնտեսական աճ: Սա Չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերական ոլորտների մեծ մասում արտադրության աճը դանդաղել է 2022-2023 թթ. բարձր ցուցանիշներից հետո: Կարևոր է, որ առաջին կիսամյակում Հայաստան մտնող մասնավոր տրանֆերտների ծավալը կազմել է 2,5 մլրդ դոլար, իսկ Հայաստանից կապիտալի արտահոսքը նվազել է 5%-ով և կազմել է 1,9 մլրդ դոլար: 

Կարևոր է նաև հասկանալ, որ տնտեսության վրա տեսանելի հեռանկարում էական ազդեցություն են ունենալու միջազգային և տարածաշրջանային գործընթացները: Ռուսաստանի քաղաքական իրողություններից են կախված այն ազդեցությունները, որոնք առկա են ռելոկանտների տեղաշարժում: Փոփոխություններ են արձանագրվում նաև այն ապրանքների վերաարտահանման մեջ, որոնք կարող են դեռ էլի փոփոխվել կախված ռուսական շուկայի պահանջարկից: 

Հայաստանի իշխանությունները հռչակել են երկրի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականություն: 2024թ. առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը մեծապես շարունակում է կախված մնալ Ռուսաստանից եկող տնտեսական ազդակներից: Կարևոր է, որ իշխանությունները բիզնեսին կողմնորոշեն դեպի այնպիսի արտաքին տնտեսական գործունեություն, որը դրականորեն կազդի Հայաստանի կայուն զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը լրջորեն ձեռնամուխ լինելու հնարավորությունների վրա: Կարևոր է նաև, որ տնտեսագետները և պաշտոնական շրջանակների փորձագետները համակարծիք են, որ վերոհիշյալ տնտեսական տատանումները այս և հաջորդ տարի չեն կարող հանգեցնել Հայաստանի տնտեսության ետ գլորվելուն մինչև 2019-2020թթ. ցուցանիշները: Եվրասիական փորձագիտական ակումբը զգուշացրել է նաև, որ 2025թ. առաջին կիսամյակից հետո եվրասիական շրջանակների տարբեր վերլուծությունների արդյունքում պետք է որ գրանցվի որոշ տնտեսական անկում, որը սակայն անպայմանորեն կկոմպենսացվի 2026թ.հետագա աճով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում