Իրավունք

Հնդկաստանի քաղաքացուն առևանգելու վարույթով կալանավորվել է Հայաստանի մեկ և Հնդկաստանի վեց քաղաքացի

6 րոպեի ընթերցում

Հնդկաստանի քաղաքացուն առևանգելու վարույթով կալանավորվել է Հայաստանի մեկ և Հնդկաստանի վեց քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության  ծառայողներն օգոստոսի 23-ին ժամը 00։30-ին Աճառյան 1 հասցեի մոտ կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, անձին առևանգելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով Ոստիկանության բաժանմունք է տեղափոխել  Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 6 անձ՝ նրանցից մեկի կողմից վարած նշված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով, և նրանց կողմից նշված վայր կանչված ՀՀ քաղաքացի հանդիսացող, Վայոց ձորի մարզի 36-ամյա մի տղամարդ՝ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով։ Անձնական խուզարկությամբ Հնդկաստանի քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է 9սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ,  «EKOL P 29» գրառմամբ գազային ատրճանակ՝ փամփշտատուփով` լիցքավորված գազային փամփուշտներով: 

«Դեպքի առթիվ 2024թ. օգոստոսի 23-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերոնշյալ 7 անձինք ձերբակալվել են։ Բեռնախցիկում հայտնաբերված անձը ճանաչվել է տուժող։ 

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի։

Քննչական բաժնում իրականացված ծավալուն և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը 2024թ. օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր գրասենյակում վարույթով տուժող, Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան նույն ամսին վթարի ենթարկելու հետևանքով իրեն պատճառած վնասի գումարը։ Սակայն տուժողը, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը։ Դրանից հետո, 36-ամյա տղամարդը հեռախոսազանգի միջոցով իր մոտ՝ գրասենյակ է կանչել Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող, ձերբակալված անձանցից մեկին: 

Քիչ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում, վերջինս իր կողմից շահագործվող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով իր 5 հայրենակիցների հետ ժամանել է նշված վայր։ 36-ամյա ՀՀ քաղաքացին նրանց հետ քննարկել է տուժողից իրեն վճարվելիք գումարի ստացման եղանակները: Այդ ընթացքում տվյալ հասցե է գնացել նաև տուժողի ընկերուհին:

Քննարկման ընթացքում ՀՀ քաղաքացին, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, վախեցնելու նպատակով, օդ է կրակել՝ նա և մյուս 6 անձինք տուժողից պահանջել են մինչև 1 500 000 ՀՀ դրամ գումար, սպառնացել նաև, որ հակառակ դեպքում վերջինիս կտեղափոխեն այլ վայր, որտեղ կպատճառեն մարմնական վնասվածքներ, կտեսանկարահանեն և այն կտեղադրեն ինտերնետ հարթակում։ 

Լսելով տուժողի և վերջինիս ընկերուհու՝ գումար չունենալու վերաբերյալ պատասխանը՝ ՀՀ 36-ամյա քաղաքացին պահանջել է առևանգել տուժողին, որից հետո նրա հրավերով ժամանած Հնդկաստանի 6 քաղաքացիները, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, տուժողին, իր կամքին հակառակ, նրա մարմնի տարբեր մասերից բռնելով, մտցրել են վերոնշյալ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, իսկ խմբի անդամները նստել են նույն մեքենան և վարել այն՝ այդ կերպ տուժողին ապօրինաբար տեղափոխելով այլ վայր:

Որոշակի տարածություն անցնելուց հետո «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ձերբակալված ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը), իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերոնշյալ բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ բավարարվել են։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում