Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալու հանրային տրանսպորտին. Տիգրան Ավինյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ քաղաքի ճանապարհների ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, իսկ բարեփոխումների հիմնական նպատակն է առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին և այն մարդկանց, ովքեր երթևեկում են դրանով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետը նշեց գործակարգավարական խորհրդակցության ընթացքում՝ անդրադառնալով Երևանում հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
«Ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց ավտոբուսային գծերի ավելացման Երևան քաղաքում անհատական ավտոմեքենաների քանակի ավելացմամբ մենք որևէ դրական լուծումների չենք կարող գալ»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին, այն մարդկանց, ովքեր երթևեկում են հանրային տրանսպորտով։
Ավինյանի գնահատմամբ՝ հանրային տրանսպորտն էականորեն բեռնաթափում է քաղաքի փողոցները։
«Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալու հանրային տրանսպորտին, որով նաև պետք է հաշվի առնենք, որ որոշակի անհարմարություններ է ստեղծելու ավտոմեքենաների համար։ Այն քաղաքները, որոնք այս ճանապարհը սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ինչ-որ ժամանակ հետո ստացել են բարվոք երթևեկություն»,-նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ սա ոչ թե հատուկ քմահաճույք է, այլ ճանապարհ, որը չունի այլընտրանք։