Մշակույթ

Հայաստանում շարունակվում են «Ֆրեսկո»- փառատոնի մշակութային օրերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում շարունակվում են  «Ֆրեսկո»- փառատոնի մշակութային օրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2024 թվականի օգոստոսի 21-ից  մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնային առաջին օրերն անց են կացվում   Վանաձորում, ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին   համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ - ռոք խումբը։ Ժամեր շարունակ  Վանաձորում  տիրում էր բարձր մշակութային տրամադրություն, իսկ ահա համերգային բարձր տրամադրությունը  հաջորդ օրը վստահված էր «Հորովել» երգի և պարի անսամբլին։

Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի փառատոնի շրջանակում   Հայաստան  են ժամանել «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները  հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի,  դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ, հանդիպումները տեղի կունենան թե՛ Վանաձորում, թե՛ Երևանում։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի  գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։ 

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:

Հավելենք, որ փառատոնն իրականցնում է  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Փառատոնային երևանյան օրերը կմեկնարկեն օգոստոսի 26-ին Մոսկվայի տանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում